Saturday, August 15, 2009

Օգոստոսի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը

/PanARMENIAN.Net/ 14.08.2009 - Օգոստոսի 16-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը: Այդ օրը տեղի է ունենում խաղողի օրհնությունը: Հնում այս տոնը պաշտում էին հատկապես կանայք, որոնք աղոթքով դիմում էին Աստվածածնին` նրանից հայցելով իրենց երեխաների եւ բերքի պաշտպանություն: «Աստվածածնի վերափոխման տոնը գլխավոր նախաքրիստոնեական Նավասարդ տոնի ձեւափոխված տարբերակներից մեկն է, որը տոնվում էր օգոստոսին», - այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Քրիստոնեական աշխարհը Մարիամ Աստվածածնի տոնը նշում է օգոստոսի 15-ին, սակայն Հայ Առաքելական եկեղեցու ավանդույթներով ընդունված է այդ տոնը նշել նույն շաբաթվա կիրակի օրը, երբ, թողնելով իրենց ամենօրյա գործերը, մարդիկ ճոխությամբ նշել են այն` Աստվածածնին նվիրված սուրբ վայրեր ուխտագնացություններ եւ զոհաբերություններ կատարլով: «Նախաքրիստոնեական եւ քրիստոնեական Հայաստանի զոհաբերության մշակույթում տիրապետող է եղել բուսական զոհաբերությունը, եւ տվյալ դեպքում դա խաղողն է: Իսկ պուրիտանական հասարակությունում այդ ժամանակ խրախուսվում էին պարերն ու զվարճանքները», - ավելացրել է Հրանուշ Խառատյանը: Ազգագրագետի խոսքերով, նախաքրիստոնեական շրջանում Նավասարդի տոնահանդեսները նվիրված էին մայրության եւ բերքատվության հեթանոսական Անահիտ աստվածուհուն, որին շնորհակալություն էին հայտնում բերքի համար, եւ զոհաբերություններ կատարելով, նրան էին ուղղում իրենց աղոթքները: Արդյունքում Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը ժառանգել է Անահիտի մեծարման ավանդույթների մի մասը, երբ իրենց աղոթքներում քնքշությամբ դիմում էին Սուրբ կույս Մարիամին:

No comments: