Sunday, August 16, 2009

Ջավախքի լուսն ու ստվերը

Tert.am. 15-8-2009- Օրեր առաջ` օգոստոսի 1-ին, Ախալցխայում մեծ հանդիսավորությամբ նշվեց հայ մեծ նկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակը, ու այդ առիթով Երևանից 130-150 հոգանոց մի պատկառելի խումբ` մտավորականներ, լրագրողներ, պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, նույն օրն առավոտյան ավտոշարասյունով ճանապարհվեց դեպի Վրաստան։ Երբևէ Ջավախքը չտեսած, ու Ախալքալաքի, Ախալցխայի, Բոգդանովկայի մասին միայն «տեսական» գիտելիքներ ունեցողներիս համար սա ոչ միայն Սուրենյանցին նվիրված միջոցառում էր խոստանում դառնալ, այլ ավելի շատ Ջավախքի ու ջավախահայության վիճակը, միգուցե նաև խնդիրները սեփական աչքերով տեսնելու հնարավորություն էր։ Բնականաբար 2 օրում անհնար է ամբողջական պատկերացումներ կազմել հիմնախնդիրների մասին, բայց նաև կարելի է հասկանալ, որ առաջին անգամ Ջավախք այցելողն ամեն դեպքում մի տեսակ այլ հայացքով` ինչ-որ տեղ հանգիստ ու ճիշտ է կարողանում ընկալել ու գնահատել իրավիճակը, նամանավանդ որ հայաստանցիներս, բնականաբար, բավականին տեղեկացված ենք Ջավախքից։ Հայաստան, Բավրա Երևանի կենտրոնից մինչև Վրաստանի հետ սահմանը` Բավրայի մաքսակետը, մեքենայով ընդամենը 2 ժամվա ճանապարհ է, ընդ որում Հայաստանի տարածքում ճանապարհի որակը բավական տանելի է, բայց հենց սահմանին առաջին ճչացող հակադրությանն ես հանդիպում. հայ սահմանապահների խեղճ հագուկապը, մի տեսակ «թրջված» տեսքը ու վրացիների կոկիկ համազգեստը։ Կարծես նույն գյուղի տղաներն են սահմանապահ հայերն ու վրացիները` նույն դիմագծերը, տվյալները, բայց հագուկապը, պահվածքը ամբողջապես տարբերվում են հօգուտ վրացիների, ընդ որում՝ վրացիների սահմանն անցնելիս, առաջին հերթին աչքի է ընկնում Եվրոմիության դրոշը, ու նաև համարյա բոլոր մաքսային ձևակերպումներ իրականցնող տնակների վրա ամրացված բազմալեզու հայտարարությունը. «Վրաստանը կաշառքից ազատ երկիր է» մոտավոր բովանդակությամբ։ Անկեղծ ասած` թե սահմանապհների եվրոպական համազգեստը և թե այդ հայտարարությունը առաջին պահին թեթև ծիծաղ է առաջացնում, բայց իրականում հենց դրանցից` փոքր, կարծես ոչ կարևոր մանրուքներից է սկսվում երկիրը ու առաջին կարծիքը հենց այստեղից է ձևավորվում. Վրաստանը մեծ արագությամբ ընթանում է դեպի Եվրոպա։ Բարև, Վրաստան Մի հետաքրքիր փաստ ներկայացնեմ. Հայստանից դուրս եկող բոլոր գործող ու չգործող ավտոմայրուղիներն անցնում են այլազգիներով` հիմնականում թուրքերով ու ադրբեջանցիներով բնակեցված գյուղերով, ավաններով, քաղաքներով, ու միակ բացառությունը հենց Բավրայի ճանապարհն է։ Երևանից Թբիլիսի, Թեհրան, շուտով միգուցե Ղարս` Թուրքիա մեկնելիս, Հայաստանի սահմանն անցնելուց հետո ճանապարհին հանդիպող առաջին գյուղերը ադրբեջանաբնակ կամ թուրքաբնակ են, որոնք մեծ մասամբ մի տեսակ դիսկոմֆորտ են առաջացնում։ Իսկ ահա Բավրայի մաքսակետով Վրաստան մտնելով ամենևին քեզ չես զգում Հայաստանից դուրս. նույն հայերն են ու հայերեն լեզուն, վարքն ու բարքը։ Բայց հայ-վրացական սահմանից մինչև Ախալքալաք ճանապարհը ասֆալտապատված չէ, ու հենց այս պատճառով են ծով մեկնող հայերը, նաև Փոթիից Հայաստան բեռներ տեղափոխողները նախընտրում Թիֆլիսով ու Սադախլոյով հասնել Հայաստան, Երևան։ Հիմա Վրաստանը հսկայական արագությամբ ասֆալտապատում է ճանապարհը, ընդ որում՝ դա արվում է եվրոպական որակով։ Ախալքալաքից արդեն սկսվում է հրաշալի ու բարձրակարգ ասֆալտապատ ճանապարհ ու մինչև Ախալցխա կարծես Եվրոպայում լինես` ճանապարհի առումով։ Հավանաբար Վրաստանը առաջիկա 1-2 տարում կավարտի մինչև Բաթում ձգվող այդ ճանապարհը, ու սա լուրջ հակակշիռ կդառնա Փոթի-Թբիլիսի-Երևան մայրուղուն և անգամ, եթե նույնիսկ բացվի հայ-թուրքական սահմանը` Ղարսի ճանապարհը, ապա Երևան-Գյումրի-Ախալքալաք-Բաթում ճանապարհը, միևնույն է, դառնալու է հայաստանցիներիս համար բացառիկ։ Պատկերացրեք, Երևանից դուրս գալով՝ մեքենայով ընդամենը 6-7 ժամում հասնում ես Բաթում, ու ամբողջ ճանապարհին էլ համարյա հայաբնակ գյուղեր ու քաղաքներ են։ Ախալցխայի հրաշքը Զարմանալի գեղեցիկ ու մաքուր քաղաք է Ախալցխան, ընդ որում՝ այդպիսին էին ճանապարհին հանդիպող համարյա բոլոր բնակավայրերը` մաքուր, կոկիկ, խնամված։ Ու այս վիճակը նշեցին գրեթե բոլորը. վրացական քաղաքների մաքրությանը կարելի է անգամ նախանձել։ Արդեն Վարդգես Սուրենյանցի ծնված տան դիմաց ենք ու մեր բազմամարդ պատվիրակությանը ավելանում են նաև Ախալցխայի համարյա ողջ հայությունը, մեծաքանակ բազմություն նաև Ախալքալաքից, շրջակա գյուղերից։ Մեծ հանդիսավորությամբ բացվում է Սուրենյանցի հուշաքարը, իսկ Սուրենյանցի ծնված տան ներկայիս տանտեր վրացի Գեորգին ուղղակի չի կարողանում հավատալ, թե ինչ կարևորության տան տեր է դարձել։ Համոզված եմ, որ արարողությունից հետո Գեորգիի տան գինը հաստատ մի քանի անգամ բարձրացավ։ Բայց հետաքրքիրը դեռ առջևում էր։ Լրագրողներիս խմբի համար ուղղակի անակնկալ էր պարզել, որ Սուրենյանցի տնից մի քանի տասնյակ մետր այն կողմ մեկ այլ մեծանուն նկարչի` Հակոբ Կոջոյանի տունն է, քիչ այն կողմ էլ` Վահրամ Գայֆեճյանի` մեկ այլ հայտնի նկարչի տունն է։ Փաստորեն, հայ նկարչության մեջ նշանակալի հետք թողած Սուրենյանցը, Կոջոյանը, Գայֆեճյանը մի փողոցից են. չեմ կարծում, թե աշխարհում կգտնվի մեկ այլ նմանատիպ փողոց։ Նորանկախ Վրաստանում էլ Հայաստանի պես փոխվել են փողոցների անունները, ու հիմա երեք մեծանուն նկարիչների, նաև Ախալցխային մեծ համբավ բերած զինագործներ Չիֆթալարյանների տները գտնվում են Սուրբ Քեթևան թագուհի կոչվող փողոցում, իսկ տեղի բնակիչներն էլ շատ հանգիստ էին ընդունում այդ փաստը` կարծես հենց այդպես էլ պիտի լիներ։ Բայց այս մասին տեղեկանում ես միայն շատ ու շատ հետաքրքրվելու դեպքում. չկան հուշատախտակներ, իսկ Սուրենյանցի հուշատախտակն էլ` որպես հայի ու հայատառ, առաջինն է Ախալցխայում։ Բայց նկարիչներից բացի Ախալցխայում են ծնվել նաև Երևանի համալսարանի հիմնադիր Մանանդյանը, Լուսինե Զաքարյանը, բազմաթիվ ակադեմիկոսներ, հայ միակ կարդինալը` Աղաջանյանը, որը տարիներ առաջ քիչ էր մնում ընտրվեր Հռոմի Պապ։ Ու կարծես հենց այստեղից առաջին միտքն է գալիս. բազմաթիվ ու տարատեսակ հայրենասիրական միությունները, որոնք ամբողջ օրը խոսում են Ջավախքից ու ջավախահայության ինքնությունը պահելու խնդրից, երբևէ չեն փորձել կարևորել այս հանգամանքը։ Երևանի գրեթե բոլոր շենքերի պատերն օր-օրի ավելանում են տարբեր տրամաչափի մարդկանց հայատառ հուշատախտակներով. թե ում ենք ինչ ապացուցում` անհասկանալի է, իսկ ահա Ախալցխայի` այս առումով բացառիկությունը չի կարևորվում ու չի նյութականացվում։ Բնականաբար այս պայմաններում դա չի կարևորվում նաև տեղի բնակչության, առավելապես վրացիների համար։ Ախալցխայի բնակչության մոտ 30-40 տոկոսն են կազմում հայերը, բայց մի տեսակ խեղճ, ապագայի նկատմամբ բազմաթիվ անհայտներով էին լեցուն ախալցխահայերի դեմքերը։ Սա ակնառու էր հատկապես հանդիսավոր արարողությանը հաջորդած հայ-վրացական համատեղ համերգի ժամանակ։ Ախալցխայի մշակույթի տանը ասեղ գցելու տեղ չկար, ու մոտ 2 ժամ մշակույթի տան դահլիճից հնչում էին հայերեն ու վրացերեն երգեր, պարեր։ Ընդ որում՝ մեծ մասամբ դրանք սիրողական մակարդակի էին, բայց նույնիսկ այս պարագայում վրացիները ակնհայտ առավելություն ունեին հայերի նկատմամբ. շատ ավելի հպարտ ու ինքնավստահ էին նրանց կատարումները։ Այս ամենը հասկանալի դարձավ, երբ տեղի տարեցներից մեկը տեղեկացրեց, թե չի հիշում, երբ է վերջին անգամ Ախալցխայի մշակույթի տան դահլիճից հնչել հայ երգ, հայերեն խոսք։ Բայց համերգի վերջում իրավիճակը ինչ-որ չափով փոխվեց. բեմում հայտնվեցին Հայաստանից եկած անսամբլները, իսկ երբ համերգի ավարտից հետո, հենց մշակույթի տան դիմացի հրապարակում հնչեց հայկական զուռնա-դհոլը, ու հորդառատ անձրևի տակ Գագիկ Գինոսյանի ղեկավարած «Կարին» պարի խումբը շուրջպար բռնեց` ուղղակի փոխվեց ախալցխահայության դեմքի արտահայտությունը, տեսքը, պահվածքը։ Իրոք հրաշալի պատկեր ու զգացում էր, որն անտարբեր չթողեց բազմաքանակ «խալխին». հորդառատ անձրևի տակ հայերը շուրջպար էին բռնել հենց Ախալցխայի կենտրոնում ու հայերի հետ մեկտեղ պարով, ու պարողների համարձակությամբ հիանում ու ծափահարում էին նաև վրացիները։ Դամալա ու Թմբկաբերդ Ամբողջապես հայաբնակ Ախալքալաքի ու մասամբ հայաբնակ Ախալցխայի միջև է գտնվում բացարձակապես վրացաբնակ Ասդպինձայի շրջանը, ու միակ բացառությունը այստեղ Դամալա գյուղն է։ Ավտոմայրուղուց մոտ 3 կմ համարյա 30-35 աստիճան թեքությամբ ճանապարհը (եթե լեռնային այդ կածանը կարելի է ճանապարհ համարել) տանում է Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ գյուղը` Դամալան։ Վրացերեն Դամալա, նշանակում է թաքստոց, ու գյուղ հասնելով հասկանում ես դրա իմաստն ու նշանակությունը։ Ամբողջապես լեռներով պատված Դամալան միակ ճանապարհ-կածանով է կապվում աշխարհին, քաղաքակրթությանը, բայց բնակիչներն աչքի են ընկնում զարմանալի հոգեկերտվածքով։ Դամալան երբեևէ չեն կարողացել գրավել ոչ թուրքերը, ոչ վրացիները, ու այս իրավիճակը մի տեսակ այլմոլորակայինների տեսք է տալիս դամալացիներին։ Ծնունդով Դամալայից է այս ամբողջ միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը` Սոս Սահակյանը, ով նաև անցյալ տարի ձեռնարկեց Դամալայի վանքի վերանորոգման աշխատանքները։ Ասպինձայի շրջանում է գտնվում նաև առավել շատ գրականությունից հայտնի Թմբկաբերդը, որը գտնվում է ավտոմայրուղուց մոտ 2 կմ հեռավորության վրա` դեպի սարերը, ու ըստ տեղացիների` իրոք անմատչելի բերդ է։ Թերևս հենց Թմբկաբերդի օրինակով կարելի է պատկերացմուներ կազմել այն իրավիճակի մասին, որն առկա է ներկա պահին Ջավախքի պատմամշակութային հուշարձանների, տեսարժան վայրերի հետ կապված։ Կրկին ու կրկին կարելի է խոնարհվել մեծն Հովհաննես Թումանյանի առաջ. Թմբակերդի, Փարվանայի մասին մեծամասամբ գիտենք միայն ու միայն Թումանյանից, ու զարմանալի է, որ մինչ այժմ չի տպվել ու հրապարակվել, լայն հասարակայնությանը չեն ներկայացվել Ջավախքի պատմա-մշակութային արժեքների մասին գրքեր, հայաստանցիներիս չեն ներկայացվել նույն Թմբկաբերդը, Փարվանան, Դամալա գյուղը` իր վերանորոգված Սուրբ Խաչ վանքով, 12-րդ դարից պահպանված հին մատուռով...Դեպի Թմբկաբերդ չկա ավտոճանապարհ, բավականին բարդ է այն նաև ոտքով անցնելու համար, իսկ հենց մայրուղու վրա, մոտավորապես Դամալայի ու Թմբկաբերդի մեջտեղում Խրթզի ամրոցն է։ Վրացիները պնդում են, որ դա վրացական ամրոց է, բայց ամրոցի տեսքն ու ճարտարապետական լուծումները Խրթզին ավելի շատ թուրքական ծագման են հանգեցնում։ Ջավախքի հարցը լուծելի է Ամբողջապես «մշակութային» այս նոթերը ի վերջո ինձ հանգեցրին մի քանի մտքերի ու ձևակերպումների, որոնք, սակայն, ամբողջապես քաղաքական են ստացվում։ Ղարաբաղի հարցը դեռ վերջնականապես չավարտված՝ մի ոչ պակաս ծավալուն ու կարևոր հարց է կախված Հայաստանի վրա. դա Ջավախքի հարցն է։ Իրոք ծանր է Վրաստանի այս շրջանում բնակվող հայերի վիճակը, ու այն ավելի բարդ է դառնում հենց այն քայլերի պատճառով, որոնք իրականացվում ու հնչեցվում են Հայաստանից։ Ջավախքին ու ջավախահայերին կարելի է օգնել միայն Վրաստանի հետ համատեղ մշակութային ու սոցիալական ծրագրերով, ու հենց այս ֆորմատում պիտի օգտագործվեն մեր ողջ ուժն ու հնարավորությունները։ Ամբողջ օրը կռվի մասին խոսողները պիտի հասկանան, որ աշխարհը այլևս թույլ չի տա և ոչ մի ոտնձգություն Վրաստանի նկատմամբ, առավել ևս Հայաստանի նման աննշան երկրի կողմից, ու Վրաստանի հետ ցանկացած կոնֆլիկտ, նույնիսկ փոքր, առաջին հերթին Ջավախքի ու ջավախահայության նկատմամբ հանցագործություն է։ Ջավախքին ու ջավախեցիներին` իրենց հողում ապրել շարունակելու համար պետք է ընդամենը «տիրություն» անել։ Պատկերացրեք հիվանդ, ում այցելողներ չկան, իսկ հազարից մեկ այցելողներն էլ առաջին հերթին կռվում են հիվանդանոցի տնօրինության, բժշկի հետ։ Մեր «հիվանդը» կարիք ունի ընդամենը վերաբերմունքի, որ հիվանդանոցի անձնակազմը չկարծի, թե «հիվանդը» անտեր է ու լուրջ վերաբերվի։ Մոտավորապես այսպես։ Շատ ավելի կարևոր է վրացական կողմի հետ համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպումը, հուշաքարերի, Ջավախքում ծնված մեծահամբավ հայերի մեծարման երեկոների կազմակերպումը։ Հայաստանի շունչը պիտի անընդհատ զգացվի Վրաստանում, բայց ոչ երբևէ հողապահանջությամբ, տարածքային նկրտումներով, այլ զուտ մշակութային ու պատմական ֆոնի վրա, ինչպես Սուրենյանցի հոբելյանի միջոցառման դեպքում։ Կեղծ հայրենասիրությունն ու ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք հնչեցնում են իբր Ջավախքին ու ջավախահայությանը աջակցող տարբեր միությունները, բայց որոնք իրականում ավելի շատ քաղաքական կուսակցություններն են ու հայրենասիրական միության գործունեությունը ընդամենը որպես դիմակ են օգտագործում, իսկ իրականում ծառայում տարբեր իշխանությունների ու տերերի` պիտի իրենց տեղը զիջեն զուտ մշակութային ու սոցիալական ուղղվածությամբ խմբերի, կառույցների, ում կհավատան թե հայերը և թե վրացիները։ Հայաստանի մարզերը անընդհատ կազմակերպում են իրենց «օրերը» ու փոխադարձ այցելություններ կատարում Հայաստանի ներսում՝ ներկայացնելով իրենց երգն ու պարը, ստեղծագործությունները, բերքն ու բարիքը։ Շատ ավելի լավ կլինի, որ Վրաստանին սահմանակից մարզերը նման միջոցառումների պայմանավորվածություններ ձեռք բերեն վրաստանյան իրենց հարևան-գործընկերների հետ։ Պետք է հսկայական ֆիզիկական, հոգևոր ու նյութական ռեսուրսներ վատնել այս ամենի վրա, սակայն համոզված եմ, որ աշխարհասփյուռ հարուստ ու աշխատասեր ջավախեցիները շատ ավելի պատրաստակամ ու սիրով կֆինանսավորեն նման միջոցառումների, արձանների ու հուշատախտակների բացումը։ Առավել ևս, որ ջավախահայության` Ջավախում մնալու խնդիրը ավելի շատ պիտի հուզի Հայաստանին. Ջավախքը մեր միակ ճանապարհն է։ Վրացիներն էլ ժամանակի հետ կհասկանան, որ ի վերջո իրենց միակ քրիստոնյա հարևանը հայերն են, ու պիտի ամեն ինչ անել այդ ժամանակը մոտեցնելու համար։ Ու եթե Ղարաբաղին ու ղարաբաղցիներին օգնելը առաջին հերթին պետք էր ղարաբաղցիներին ու բխում էր Ղարաբաղի շահերից, ապա Ջավախքին ու ջավախահայությանը օգնելը, աջակցելը առաջին հերթին Հայաստանի ու հայաստանցիներիս շահերից է բխում։ Արմեն Նիկողոսյան

No comments: