Thursday, August 20, 2009

Երիտասարդներն արդարություն են պահանջել. բողոքի ակցիա՝ ընդդեմ Սուխուդյանի մեղադրանքի

Tert.am. 19-8-2009- Էրեբունի-Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի առջև այսօր մեկնարկել է երիտասարդների բողոքի ակցիան՝ ընդդեմ երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին առաջադրված մեղադրանքի: «Լռությունն է հանցագործություն», «Պատժեք իրական հանցագործներին», «Հետաքննություն+փաստեր = է արդար պատիժ», «Պատժել մեղավորին», «Ոչ սեռական բռնություններին հատուկ դպրոցներում» վերտառությամբ պաստառներով մի քանի տասնյակ երիտասարդներ ոստիկանության առջև անցկացրեցին իրենց բողոքի ակցիան, որի ժամանակ բավական տհաճություններ ունեցան ոստիկանների հետ: Մասնավորապես, ոստիկանության մի շարք աշխատակիցներ հերթով մոտենում էին ակցիայի մասնակիցներին ու ասում, որ պահեն ցուցապաստառները, ճանապարհը բացեն և մի քիչ ներքև իջնեն, ինչին ի պատասխան ակտիվիստները վիճում էին, թե իրենք օրենքը չեն խախտում, իսկ ըստ օրենքի՝ նրանք իրավունք ունեն կանգնելու այնտեղ, որտեղ կցանկանան: Հիշեցնենք, որ Մարիամ Սուխուդյանը էկոլոգ-ակտիվիստների խմբի անդամներից է, ով կամավորական սկզբունքներով դասընթաց վարելու առիթով եղել է Նուբարաշենի թիվ 111 դպրոցում, իսկ հետո բարձրաձայնել է դպրոցում տիրող անմխիթար պայմանների, ինչպես նաև երեխաների նկատմամբ ուսուցիչների կողմից կատարված սեռական ոտնձգությունների մասին: Նրա հայտարարության առթիվ էլ աղջկան մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար՝ այն էլ դիտավորությամբ արված սուտ մատնության համար, ինչի համար քրեական օրենսգիրքը 3-5 տարվա ազատազրկում է նախատեսում: Ինքը՝ «մեղադրյալը», եկավ-մտավ քննչականի շենք և, ըստ նրա ընկերների, եկել էր հրաժարվելու ցուցմունքներ տալուց, քանի որ իրենց դեռ չի ներկայացվել ամբողջական գործը: Ակտիվիստներից Հրայր Սավզյանն ասել է, որ դպրոցում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լևոն Ավագյանի կողմից սեռական ոտնձգության են ենթարկվել 5-6 անչափահասներ, ինչի մասին պատմել են դպրոցի երկու աշակերտները: Անչափահասների պատմածի տեսագրությունը, ըստ նրա, կա և արդեն հեռարձակվել է հեռուստատեսությամբ, ինչի հիմքի վրա էլ քրեական գործ է հարուցվել: Ի դեպ, ուսուցիչը հերքել է իրողության հետ իր կապը, իսկ հետո արդեն սեփական դիմումի համաձայն հեռացել դպրոցից: Ակտիվիստներն արդարություն են պահանջում՝ վստահ լինելով, որ մեղադրանք պետք է առաջդրվեր ուսուցչին և ոչ թե խնդրի մասին բարձրաձայնողին:

No comments: