Sunday, August 23, 2009

Թուրքիայում սիրեցին «ֆուտբոլային դիվանագիտությունը»

Tert.am- 22-8-2009- «Ֆուտբոլային դիվանագիտությունը», ինչպես երևում, դուր է եկել թուրքերին՝ անգամ անկախ այն փաստից, որ Հայաստանի հետ վարվող «ֆուտբոլային դիվանագիտության» պտուղները դեռևս չի հաջողվել քաղել, և դժվար է ասել՝ կհաջողվի՞ արդյոք։ Այս անգամ, ինչպես հաղորդում է Hurriyet Daily News–ը, թուրքերը ֆուտբոլ կխաղան քրդերի հետ, ինչը, վերջին շրջանում Քրդական հարցի շուրջ քննարկումների կտրուկ ակտիվացման լույսի ներքո, խիստ արդիական է դառնում։ Թուրքական երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Կահրամանմարաշսպորը» կհանդիպի Իրաքի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Զախո» թիմի հետ, որը ներկայացնում է Հույսիսային Իրաքը և բաղկացած է քրդերից։ Թուրքական և Իրաքի քրդական ակումբներն առաջին անգամ կհանդիպեն պատմության ընթացքում։ Ինչպես նշում է «Կահրամանմարաշսպորի» նախագահ Մուհամեդ Գյունքութը, ֆուտբոլը լավ հնարավորություն է բարեկամություն հաստատելու Թուրքիայի և Հյուսիսային Իրաքում ապրող մարդկանց միջև։ Ամեն դեպքում ակումբի նախագահը միայն քաղաքական ենթատեքստ խաղի մեջ չի տեսնում։ «Մենք ցանկանում ենք կենտրոնանալ բարեկամության խնդրի վրա։ Մենք չենք ցանկանում տեսնել միայն քաղաքական ենթատեքստը», -Hurriyet Daily News & Economic Review-ին ասել է Գյունքութը։ Հարկ է նշել, որ նախաձեռնության հեղինակն է քրդական ակումբի ներկայացուցիչը, որ «Կահրամանմարաշսպորին» հրավիրել է Իրաք։ Թուրքերը հրաժարվել են մեկնել՝ անվտանգության նկատառումներից լենելով, սակայն պատասխան հրավեր են արել, և քրդական ակումբը համաձայնել է ժամանել Թուրքիա՝ Կահրամանմարաշ, որտեղ չի գերակշռում քրդական բնակչությունը։ Թուրքական ակումբի երկրպագուների խմբի ղեկավարը՝ Մեհմեթ Իմամօղլուն, հիշատակել է նաև հայ-թուրքական բարեկամությունը։ «Կահրամանմարաշում կողք կողքի ապրել են թուրքերը, հայերը և քրդերը, և մեր քաղաքը միշտ աչքի է ընկել հանդուրժողական մոտեցմամբ», - ասել է նա։ Տվյալ նախաձեռնությունն արդեն ողջունել են Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնայները։ Բարձրագոչ հայտարարություններով հանդես է եկել Ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը։ «Սպորտը միշտ կարևոր գործոն է եղել հարաբերությունները բարելավելու և եղբայրություն հաստատելու համար», - ասել է նա։ Նմանատիպ ոճական վայրիվերումները մեզ քաջ ծանոթ են՝ այդպես չէ՞։

No comments: