Tuesday, January 12, 2010

Ռուսաստանցի փորձագետ. Մոսկովյան բանակցություններում թուրքական կողմից պայմանների առաջադրման մասին խոսք լինել չի կարող

News.am. 12-1-2010- Որքան էլ Թուրքիան ձգտի ավելի զգալի դեր խաղալ Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներում, փաստերը վկայում են, որ առանց Ռուսաստանի հետ գործողությունների համակարգման՝ նրան չի հաջողվի լուծել եւ ոչ մի հարց: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշեւը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ այսօր կայանալիք այցը Մոսկվա: Նրա խոսքով, նման հանդիպումների ժամանակ նախատեսվում է քննարկել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային հարցեր: Ընդ որում, փորձագետը կարծում է, որ հիմնական շեշտը բանակցություններում դրվելու են էներգետիկ հարցերի վրա «տարատեսակ նավթա- եւ գազատարների անցկացմանը, որոնցում Թուրքիան լուրջ շահագրգռված է»: Ինչ վերաբերում է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցին Հայաստան, Արեշեւը նկատել է, որ այդ առումով ամեն ինչ բավական հասկանալի է. «Իհարկե, բացի երկկողմ հարաբերություններից, արծարծվելու են տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտությունը, որի լուծման միտումներն առաջիկայում չեն նշմարվում»: Փորձագետի կարծիքով, ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարություններն արգելակում են տվյալ հարցի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Երեւանյան հանդիպման արդյունքներով իհարկե բազում խոսքեր են ասվելու 2010թ. ղարաբաղյան հակամարտության լուծման հեռանկարների մասին, սակայն Ռուսաստանի եւ Հայաստանի բարի կամքը, որը քանիցս արտահայտվել է, անբավարար է հակամարտության լուծման համար, կարծում է ռուսաստանցի փորձագետը: Անդրադառնալով փաստին, որ ադրբեջանական կողմը փորձում է էներգետիկ հարցերով Էրդողանի բանակցությունները ներկայացնել որպես ղարաբաղյան խնդրի կարգավորման բանալի, Արեշեւը նկատեց, որ թուրքական կողմից Մոսկվայում պայմանների առաջադրման մասին խոսք լինել չի կարող: «Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ էներգետիկ համագործակցության հարցերն արդեն բավական բարդ են, որ կապվեն ղարաբաղյան խնդրի հետ: Առավել եւս, որ խնդիրը չի կարող լուծվել Ռուսաստանի կամ Թուրքիայի միանձնյա կամքով»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ առաջիկա հանդիպումից որեւէ ճեղքում չի կարելի սպասել:

No comments: