Wednesday, January 20, 2010

Ավարտվում են Windows 7, Office 2010 ծրագրերի հայերեն թարգմանության աշխատանքները

Panorama.am. 20-1-2010- Արդեն այս տարեվերջին պատրաստ կլինեն «Windows 7», «Office 2010» ծրագրերի հայերեն թարգմանությունները: Այս մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Ծրագրին մասնակցում են «Bi line» ընկերությունը, ՁԻՀ (ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ) և ՏՏԶԱԽ-ը (Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ազգայն խորհուրդ): Արդեն հայերեն թարգմանվել են «Windows XP» և «Windows Vista» ծրագրերը: Ի դեպ, նախատեսված է, որ յուրաքանչյուր 3 տարին մեկ ներկայացվեն նոր թարգմանություններ և յուրաքանչյուր 2 տարին մեկ էլ լինեն այս օպերացիոն համակարգերի թարմացումները: Ինչպես նշեց, մեր զրուցակիցը, «Microsoft Office 2007»-ի թարգմանության ժամանակ արդեն իսկ պատրաստ էր հայերեն քերականությունը` Spelling-ը, որն, ըստ Գ. Բարսեղյանի, Office 2010-ում ավելի կզարգացվի: Նկատենք, որ այս ծրագրերն ուղղված էին հատկապես սկսնակ օգտվողներին: Նպատակ կար սրանով նաև նոր օգտագործողներ ներգրավել. լեզվական խոչընդոտը խնդիր է հայաստանյան սպառողի համար: Նախկին թարգմանություններից քանի հոգի են օգտվում հարցին, Գ. Բարսեղյանը նկատեց, որ հստակ վիճակագրություն կատարել հնարավոր չէ, սակայն կարելի է փաստել, որ ԿՏԱԿ-ի (Կրթական տեխնոկլոգիաների ազգային կենտրոն) հետ համագործակցության արդյունքում, 8300 տարբերակ բաժանել են դպրոցներին: Բացի այդ ինտերնետում արդեն եղել են մոտ 4 հազար ներբեռնումներ: Ինչպես նկատեց Գ. Բարսեղյանը, քանի որ Հայաստանում ինտերնետը թույլ է և թանկարժեք, ապա օգտվողների մեծ մասն այս ծրագրերը ստանում է արտատպված սկավառակների միջոցով, ըստ այդմ էլ կարելի է մոտավոր հաշվարկներով ասել, որ հայերեն տարբերակներից մոտ 10 հազար օգտվողներ կան: Ըստ նրա, մեկնարկած «Համակարգիչ բոլորի համար» ծրագիրը ևս կխթանի այս գործընթացին և շուտով թարգմանված ծրագրերից օգտվողների թիվը կմեծանա:

No comments: