Wednesday, January 20, 2010

Չինգիզ Հուսեյնով. Ադրբեջանում իշխող ռեժիմը նողկալի է

Panorama.am. 20-1-2010- Ադրբեջանական ԶԼՄ-ն շարունակում են անդրադառնալ Նախիջևանի Բանանյար գյուղում տեղի ունեցած իրադարձություններին: «Ազադլիգ» պարբերականը նշում է, որ մինչ այժմ գյուղի բոլոր խանութներն ու սննդի օբյեկտները փակ են, ընդ որում մարդիկ ձերբակալություններից և ահաբեկումներից զերծ մնալու պատճառով վախենում են դուրս գալ փողոց: Իրավիճակն այնքանով է սրվել, որ մարդիկ սննդի հայթայթման հետ կապված խնդիրներ ունեն: Գյուղի խանութները փակ են, իսկ գյուղից դուրս գալը` անհնարին: Մեծ թվով մարդիկ են ձերբակալվել, բայց նրանց ճակատագրի վերաբերյալ առայժմ ոչինչ չի հաղորդվում: Գաղտնիք է պահվում, թե բախման հետևանքով քանի մարդ է սպանվել կամ վիրավորվել: Առ այսօր հայտնի չէ, թե որն էր գյուղում նման օպերացիայի իրականացման բուն դրդապատճառը: Իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն անդրադառնալով Նախիջևանում վերջին ժամանակներս գրանցվող մեծ թվով իրավախախտումներին նշել է, որ Նախիջևանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը սարսափելի է: Նա մասնավորապես խոսել է Նախիջևանի Ռեսուրսային կենտրոնի ու Լրագրողների անվտանգության և ազատության ինստիտուտի աշխատակիցների նկատմամբ վերջերս իրականացված ֆիզիկական բռնությունների և հետապնդումների մասին: Ջաֆարօղլունն իր մտահոգությունն է հայտնել նաև Բանանյար գյուղում ստեղծված իրավիճակի առնչությամբ: Իսկ գրող Չինգիզ Հուսեյնովն «Ազադլիգ» թերթին տված հարցազրույցում, մտահոգություններ է հայտնել Ադրբեջանում ընթացող գործընթացների վերաբերյալ` նշելով, որ Ադրբեջանում իշխող ռեժիմն ուղղակի նողկալի է:

No comments: