Wednesday, March 3, 2010

Դրամաշնորհ` Հայոց ցեղասպանության ուսումնասիրության մեջ մասնագիտանալ ցանկացող ուսանողների ու ասպիրանտների համար

Panorama.am. 3-3-2010- Այս տարի ապրիլին Հայոց ցեղապանության թանգարան-ինստիտուտը պատրաստվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր ու հետաքրքիր նութերով հանդես գալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ըստ նրա, թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացվելու են նոր վավերագրեր և նոր նյութեր: Բացի այդ, թանգարանում ժամանակավոր ցուցադրություն է ներկայացվելու աշխարհի տարբեր թերթերի առաջին էջերին տեղ գտած Հայոց ցեղասպանության, հայկական ջարդերի վերաբերյալ նյութերով: «Դեռևս 100 տարի առաջ այդ թեման արդիական է եղել: Այսօր միջազգային մամուլում, եթե վիճակագրությանը նայենք, անդրադարձն այդ թեմային այնքան մեծ է, որ ես կասեի` աննախադեպ միջազգային հնչեղություն ունի Հայոց ցեղասպանության հարցը»,-ասաց Հ. Դեմոյանը: Ըստ նրա, ցուցադրության կդրվեն 40-50 օրիգինալ թերթերի նյութեր, որոնք ձեռք են բերվել վերջին 1-2 տարվա ընթացքում: Նրա հավաստմամբ, թանգարան-ինստիտուտը սփյուռքի նախարարության հետ համատեղ կազմակերպելու է երկօրյա միջազգային գիտաժողով, որի գլխավոր թեմաներից կլինի մշակութային ցեղասպանությունը` հաշվի առնելով խնդրի կարևորությունը: Բայցի այդ ապրիլի 23-ին նախատեսվում է թանգարանի սրահներից մեկում ցուցադրել բացառիկ նյութեր, որոնք վերջին մեկ-երկու տարվա հավաքչական աշխատանքի արդյունքն են. այն ինչ ստացել է թանգարանի հավաքածուն, որը, սակայն, դետևս մշտական ցուցադրության դրված չէ: Այսպիսով, ըստ նրա, նպատակ կա ցույց տալ, թե ինչքան աշխատանք կա կատարելու փաստաթղթային և իրեղեն ապացույցների հավաքչական աշխատանքի առումով: Բացի այդ, Հ. Դեմոյանը նշեց, որ այս տարի պատրաստվում են առաջին անգամ դրամաշնորհ կազմակերպել արտասահմանցի ուսանողների և ասպիրանտների համար, ովքեր ցանկանում են մասնագիտանալ Հայոց ցեղասպանության ուսումնասիրության մեջ:

No comments: