Wednesday, March 10, 2010

Ուղիղ եթերում սկանդալային բանավեճ ստամբուլահայ Սեւան Նիշանյանի եւ թուրք կեղծարար պատմաբանի միջեւ

News.am. 10-3-2010- Թուրքական Haberturk հեռուստաընկերության ուղիղ եթեր հեռարձակվող TEKE TEK հաղորդման ժամանակ 1915-ի դեպքերի շուրջ բանավիճել են թուրքական հայտնի Taraf թերթի ստամբուլահայ թղթակից Սեւան Նիշանյանը եւ թուրքական պատմագրության մեծանուն կեղծարար, «Թուրքական պատմագիտական ընկերության» նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն: Սեւան Նիշանյանը նշել է, որ այդ ժամանակաշրջանում աշխարհում շատ կոտորածներ են եղել եւ ոչ ոք մաքուր չէ, իսկ տվյալ պարագայում Թուրքիան շարունակում է անամոթաբար ժխտել Ցեղասպանությունը: Նիշանյանը պնդել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ընդունելու եւ ներողություն խնդրելու պարագայում` ոչ մի խնդիր չի մնա, իսկ ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը միայն աջակցություն է պատմության ընթացքին: Թուրք հայտնի կեղծարար պատմաբանը կրկին փորձել է մշտապես ընդհատել եւ խանգարել Նիշանյանին՝ ներկայացնելու փաստերը, եւ իր բնավորությանը հատուկ ձեւով կրկին ժխտել է Ցեղասպանության փաստը եւ հայտարարել, որ զոհված 250 կամ 300 հազար հայերի մահվան պատճառ է եղել սովը, խոլերան եւ այլ հիվանդություններ: Ստամբուլահայ բանախոսը չի դիմացել Հալաչօղլուի ստաբանություններին եւ կրկնել է մի քանի անգամ «Դուք ստում եք, փաստերը խեղաթյուրում եք, պարոն, անամոթաբար խաբում եք»: Այնուհետ Նիշանյանը ցույց է տվել իր հետ հեռուստաստուդիա բերած փաստաթղթեր, որտեղ բազմաթիվ ապացույցներ են եղել Ցեղասպանության վերաբերյալ, այդ թվում՝ Ցեղասպանության հեղինակներից մեկի՝ Թալեաթի հրամանը: Տեսնելով տվյալ պահի լարվածությունը՝ հաղորդավարը ընդմիջել է հաղորդումը գովազդով: Սեւան Նիշանյանը հիշեցրել է, որ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում էլ հայերը միշտ ստորացվել են եւ վիրավորվել, իսկ 1915-ին Վանում հայերի զինվելը զուտ ինքնապաշտպանական նպատակ է ունեցել:

No comments: