Wednesday, March 10, 2010

Դենիզ Բայքալ. 116 տարի շարունակ ԱՄՆ-ն մեզ մեղադրում է կոտորածների մեջ

Panorama.am. 10-3-2010- Թուրքիայի ամենամեծ խորհրդարանական ընդդիմության` «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ) կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը, ելույթ ունենալով իր «ԺՀԿ»-ի խորհրդարանական խմբակցության ժողովում, արծարծել է վերջերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կողմից ընդունված հայկական բանաձևի հարցը: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի լրատվական կայքը: Բայքալն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից թուրքական պետության կամ առհասարակ Օսմանյան կայսրության դեմ ընդունված օրինագծերի ժամանակագրությունը տարածվում է 1915-ի իրադարձություններից առաջ: «Մի կարծեք, թե այդ հարցը նոր է ի հայտ եկել: 1890 թվականից ի վեր, այն ժամանակ, երբ դեռևս 1915-ը չկար, ԱՄՆ Կոնգրեսը շարունակաբար հետաքրքրություն է ցուցաբերել Թուրքիայում բնակվող հայերի նկատմամբ»: Թուրք ընդդիմադիր գործիչը հիշեցրել է, որ դեռևս 116 տարի առաջ ամերիկացիներն օսմանցիներին մեղադրել են Էրզրումում կոտորածներ կազմակերպելու մեջ և ընդունել կատարվածը դատապարտող համապատասխան բանաձև: Այնուհետև` լռություն: «1920-ից մինչև 1975 թվականն այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի կատարվել: Տարիներ անց` 1975 թվականին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն աշխուժացավ: Սենատը մերժեց: «ԱՍԱԼԱ»-ի հանգամանքը պատրվակ բերելով` 1984-ին բանաձևը դարձյալ հանվեց օրակարգից: 1985-ին նորից օրակարգ բերվեց և 1987-ին մերժվեց: 3 տարի անց` 1990 թվականին, Ծոցի պատերազմի պատճառով հայկական բանաձևը դարձյալ մի կողմ թողնվեց: 2000 թվականին այդ բանաձևը Թուրքիայի միջամտության և Քլինթոնի նախաձեռնության արդյուքնում հետ կանչվեց: 2007-ին նոր օրինագիծ կազմվեց և օրակարգ բերվեց, բայց Բուշի ջանքերով այն չներկայացվեց Պալատի լիագումար նիստ»,- վերհիշել է Բայքալը` եզրահանգելով, որ 116 տարի շարունակ Միացյալ Նահանգների Կոնգրեսը անընդհատ մեղադրում է թուրքերին:

No comments: