Wednesday, March 3, 2010

Բաց նամակ ՀՀ-ում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին

Բաց նամակ ՀՀ-ում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին Հարգարժան տիկին դեսպան 1914-1922 թթ. Օսմանյան կայսրությունում մեկ միլիոն և կես հայերի բնաջնջումը դարասկզբի մեծագույն ոճիրն էր, որն ուղղված էր ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև ողջ քաղաքակիրթ մարդկության դեմ: Հայոց մեծագույն վիշտը' Ցեղասպանությունն էր, որ հետագայում որպես անպատժելիության նախադեպ ծառայեց ֆաշիստական Գերմանիայում' հրեաների հոլոքոստն իրականացնելու համար: Սեփական հայրենիքում ոչնչացվեցին մարդիկ միայն նրա համար, որ ազգությամբ հայ էին: 1,5 միլիոն հայերի Ցեղասպանությանը հետևեց նաև միլիոնավոր այլ մարդկանց տարագրումը սեփական հայրենիքից' խեղված ճակատագրեր, որբացած մանուկներ: Աննկարագրելի են այն ցավերն ու տառապանքները, որ մեր ժողովուրդն ապրեց հրեշավոր նախճիրի հետևանքով: Տիկին դեսպան, ամենևին ցանկություն չունենք Ձեզ նկարագրել այն փաստերը, որոնց Դուք վստահաբար քաջատեղյակ եք: Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը: Իրար հաջորդող ԱՄՆ նախագահների նախընտրական խոստումները' ուղղված հայ ժողովրդին, ցայսօր մնացել են թղթի վրա: Ոճրագործ Թուրքիան շահարկում է իր իսկ կողմից կատարված հանցագործությունը' ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելու նպատակով: Տիկին դեսպան Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել է, որ իր վրա է վերցրել աշխարհում ժողովրդավարություն և արդարություն հաստատելու բարձր առաքելությունը, սակայն իր անվճռականությամբ հնարավորություն է տալիս ոճրագործին ոչ միայն լկտիաբար մերժել դարասկզբի մեծագույն ոճիրը, այլ նաև բացահայտ շարունակել իր հայատյաց քաղաքականությունը: Դուք, որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան, պարտավոր եք փոխանցել մեր խոսքերը Վաշինգտոնի քաղաքական ղեկավարությանը: Չպատժված ոճիրը ծնում է նորանոր ոճիրներ, հանցագործին պարտակողը դառնում նրա հանցակիցն ու գործընկերը: Տիկին դեսպան. Մարտի 4-ին և դրան հաջորդող գործընթացներում Միացյալ Նահանգները հնարավորություն ունի ևս մեկ անգամ ապացուցելու, որ իրապես հանդիսանում է ազատության և արդարության առաջամարտիկը ողջ քաղաքակիրթ աշխարհում: Ոճրագործը միևնույն է պատժվելու է, սակայն Ձեր երկիրը պետք է ապացուցի, որ իր համար համամարդկային արժեքներն ավելի կարևոր են, քան թե թուրքական աղվեսային դիվանագիտության բացահայտ շանտաժն ու սպառնալիքները: Հարգանքներով' ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն

No comments: