News.am. 6-3-2010- Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին:
Նամակում մասնավորապես ասված է. «Հայաստանում մեծ ուշադրությամբ եւ հուզմունքով էինք հետեւում Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 1915թ. Թուրքիայի կողմից իրականացրած հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումներին:
Գոհունակությամբ արձանագրեցինք քվեարկության արդյունքները: 2010թ. մարտի 4-ի քվեարկությունը ոչ միայն բարոյական տուրք է հայ ժողովրդին, այլ նաեւ արդարացի պատասխանն է նախորդ դարասկզբին մարդկության առջեւ գործած ոճրագործությանը»:
Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովի եւ անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել Նենսի Փելոսիին եւ Ներկայացուցիչների պալատի բոլոր այն գործընկերներին, ովքեր նպաստեցին հանձնաժողովում այս բանաձեւի ընդունմանը:
«Այն սկիզբն է մի մեծ գործընթացի. հուսով եմ` չի ուշանա այն օրը, երբ բանաձեւը կընդունվի Ներկայացուցիչների պալատի կողմից: Ավելորդ չեմ համարում նաեւ նշել, որ պատմական արդարության հաստատումը չի կարող խոչընդոտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, այլ, մեր խորին համոզմամբ, կարեւոր քայլ կլինի հայ եւ թուրք ժողովուրդների հաշտեցման ճանապարհին»,- ասել է Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը՝ ձայների 23 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 252 բանաձեւը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment