Saturday, March 6, 2010

Ադրբեջանը պատրաստ է որոշ բացառություններով ընդունել Մադրիդյան նորացված սկզբունքները

News.am. 6-3-2010- Փարիզ կատարած այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի արտաքին քաղաքականության գծով օգնական Ժան Դավիդ Լեւիտայի հետ։ Այդ մասին Trend News գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը։ Հանդիպման ընթացքում, նրա խոսքով, քննարկվել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը։ Մամեդյարովը խորհրդականին է փոխանցել այս հարցի առնչությամբ ունեցած Ադրբեջանի դիրքորոշումը։ Ինչպես հայտնել է Պոլուխովը, ֆրանսիացի դիվանագետն իր հերթին նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին տված խոստումը, թե ինքն անձամբ կմիջնորդի եւ ջանքեր կներդնի այս հարցում, մնում է ուժի մեջ։ Ինչ վերաբերում է ադրբեջանցի նախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը, Պոլուխովը հայտնել է 1news.az-ին, որ Մամեդյարովը «մեկ անգամ եւս նշել է, թե Ադրբեջանը պատրաստ է որոշ բացառություններով ընդունել Մադրիդյան նորացված սկզբունքները»։ Համանախագահները, նրա խոսքով, իրենց հերթին հայտարարել են, որ այս հարցի առնչությամբ կշարունակեն աշխատել նաեւ հայկական կողմի հետ։

No comments: