Thursday, April 15, 2010

Ապրիլի 24-ից հետո զրոյական վիճակ է լինելու. թուրքագետ

Tert.am. 14-4-2010- Ըստ թուրքագետ Արտակ Շաքարյանի՝ վաշինգտոնյան հանդիպումները հստակորեն ցույց տվեցին, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի արտասանի Ցեղասպանություն բառը, լավագույն դեպքում կրկին կասի Մեծ եղեռն։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը թուրքագետը կարծիք հայտնեց, որ Օբաման իր ելույթում որպես Ցեղասպանություն բառը չարտասանելու հիմնավորում կնշի, որ թե՛ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը Կոնգրեսում, թե՛ Ցեղասպանություն բառի գործածումը կխոչընդոտեն հայ-թուրքական կարգավորման գործընթացը։ Մասնագետն այն կարծիքին է, որ Սերժ Սարգսյանի ամերիկյան հրավերն ու հանդիպումները թերևս ավելի շատ հարկավոր էին ԱՄՆ-ին։ Շաքարյանը նաև հայտարարեց, որ տեսանելի ապագայում հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, իսկ ապրիլի 24-ից հետո էլ գործընթացում կլինի զրոյական վիճակ, եթե Հայաստանն իր նախաձեռնություններով չակտիվացնի հարցը։ Բանախոսը նաև ընդգծեց, որ տեղ չունեն այն ենթադրությունները, թե Արձանագրությունները կվավերացվեն։ Արտակ Շաքարյանի խոսքով՝ կարճաժամկետ առումով Հայաստանը հետքայլ է կատարել հայ-թուրքական գործընթացում, քանի որ ոչինչ չշահեց այս գործընթացից, բայց երկարաժամկետ առումով Հայաստանն առավելություն ունի Թուրքիայի նկատմամբ, քանի որ, ըստ թուրքագետի, առաջիկա 2 ամիսներից հետո էլ Թուրքիան չի վավերացնի Արձանագրությունները, ինչը ցույց կտա, որ այս գործընթացում ապակառուցողական է Անկարան։

No comments: