Saturday, April 17, 2010

ՕԲԱՄԱՅԻ ԱՊՐԻԼԻ 24-Ի ԵԼՈՒՅԹԻՑ ՀԵՏՈ ԷՐԴՈՂԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՆԱԽԿԻՆ ԴԻՐՔԻՆ

«ԱԶԳ», 17-04-2010- Նախագահ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան այցը, հանդիպումները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ թուրքագետ, «Ազգ» օրաթերթի քաղաքական մեկնաբան Հակոբ Չաքրյանը գնահատում է դրական եւ հաջողված: Գլխավոր նախապայմանը միջազգային իրավիճակն էր, որ խոսում էր մեր օգտին: Սարգսյանը Վաշինգտոնում ներկայացավ ավելի նպաստավոր պայմաններում, քան Էրդողանը: Թուրքերը հանդիպմանը երկու առաջադրանք էին դրել` ստիպել Հայաստանին ղարաբաղյան խնդիրն ընդունել նախապայման հայ-թուրքական հարաբերությունների առաջխաղացման գործընթացում եւ պարտադրել հայկական կողմին` զիջումներ անել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, ինչին նախագահը բացասական պատասխան տվեց: Նույն առաջադրանքը Էրդողանը ներկայացրեց նաեւ Օբամային ու ստացավ մերժում: Նա հիշեցնում է, որ դեկտեմբերին Վաշինգտոն այցելության ժամանակ Օբաման էրդողանին ասել էր, որ հայ-թուրքականը առնչություն չունի ղարաբաղյան հարցի հետ: Նույնը կատարվեց Կրեմլում. ՌԴ վարչապետ Պուտինը հստակ հայտարարեց` գործընթացները չպետք է շաղկապել: Այս ֆոնի վրա Վաշինգտոնում Էրդողանի դիրքն ավելի անբարենպաստ էր: Ըստ թուրքագետի, վաշինգտոնյան հանդիպումից հետո Հայաստանը չպետք է քայլեր ձեռնարկի: «Հայաստանն իր ստանձնած պարտավորությունները կատարել է: Եթե հայկական կողմը արձանագրությունները վավերացնի` սխալ քայլ չի կատարի, որովհետեւ թուրքերը կկանգնեն փաստի առաջ, քանի որ միջազգային ուժերի շահագրգռվածությունը մեծ է: Եթե մի կողմը վավերացնում է, մյուսը` հրաժարվում, ձախողման դեպքում պատասխանատվությունը չվավերացնող կողմի վրա է ընկնում», «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց նա: Մի շարք քաղաքագետներ, հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չնկատելով, կարծիք էին ներկայացրել, որ արձանագրությունները պետք է հետ կանչել: Այս դիտարկմանը թուրքագետը համամիտ չէ: «Կդառնանք միջազգային քննադատությունների եւ ճնշման թիրախ: Եթե արձանագրությունները հետ կանչենք, դա ի՞նչ է տալու հայկական կողմին: Թուրքական կողմը թող մերժի, իսկ մենք մեր ասածից չենք հրաժարվում, հայկական կողմը պարտավորությունները կատարել է եւ սպասում է հակառակ կողմի քայլին: Ինչո՞ւ հետ կանչենք: Եթե հետ կանչենք, թուրքերը ձախողման մեջ կմեղադրեն մեզ` ասելով, որ իրենք պատրաստակամ էին, հայկական կողմը ձախողեց»: Վերլուծելով իրավիճակը` Չաքրյանը փաստում է. վաշինգտոնյան հանդիպումից հետո որեւէ լուրջ, նկատելի տեղաշարժ չի լինի: «Հայ-թուրքական արձանագրությունները փակուղային իրավիճակում են, հարաբերությունների նորմալացման գործընթացը վերադառնում է ելման կետ: Փրկելու փորձ արվեց, բայց չեմ կարծում, որ այն հաջողություն կբերի: Հարցին կարելի է հստակ պատասխանել Օբամայի ապրիլի 24-ի ելույթից հետո: Ենթադրում եմ, որ Էրդողանը կվերադառնա իր նախկին դիրքին»: Թուրքագետը զարմանում է, երբ կարդում է, որ քաղաքագետները կանխատեսումներ են անում` արդյոք Օբաման կարտասանի՞ «ցեղասպանություն» բառը: Նրա դիտարկմամբՙ դա ընդամենը շառլատանություն է: «Ոչ ոք չի կարող հիմնավորել, թե ինչ կասի Օբաման: Առանց հիմնավորման կարծիքը վերածվում է ենթադրության, ինչի հիման վրա ոչ թե կանխատեսում են անում, այլ` կանխագուշակում: Բազմաթիվ քաղաքագետներ կանխատեսումը կանխագուշակումից չեն տարբերում», ասում է նա: Չաքրյանը նկատում է, որ ապրիլի 24-ը 2010-ով չի վերջանում, մինչդեռ Թուրքիայի հակահայկական քաղաքականությունն ու ժխտողական դիրքերը նահանջում են ու սպառվում: «Եթե այս տարի Օբաման չարտասանի «ցեղասպանություն» բառը, մյուս տարի թուրքերը նոր գլխացավանքի առաջ են կանգնելու եւ երկրում խուճապի նոր ալիք է բարձրանալու»: Պատմաբան Ստեփան Ստեփանյանը , խոսելով պահանջատիրության մասին, նկատեց, որ հետագա ցեղասպանությունները կանխելու համար պետք է վերացնել նախորդների հետեւանքները: «Նահատակներին չես վերակենդանացնի, բայց կորցրած հայրենիքից չես կարող հրաժարվել: Կորցրած հայրենիքը պետք է վերադարձվի: Միչեւ ե՞րբ պետք է Մասիսը` մեր խորհրդանիշը, մնա այնտեղ: Անհնար է հրաժարվել մեր արդարացի պահանջներից», ասաց նա: Չաքրյանը նկատում է, որ հողային պահանջները շատ դժվար են լուծվում: Նա օրինակ է բերում արաբա-իսրայելական եւ կիպրական խնդիրները, որոնք արդեն մի քանի տասնամյակ չեն լուծվում: «Ներկա պահին արդյոք նպատակահարմա՞ր է բարձրացնել պահանջատիրության խնդիր: Այն կարելի է բարձրացնել, երբ Ցեղասպանության ճանաչումը լինի լիարժեք. գոնե ԱՄՆ-ն, Գերմանիան ու Անգլիան էլ ճանաչեն: Եթե առանց միջազգային աջակցության պահանջատիրության հարց բարձրացնենք, տանուլ կտանք: Միջազգային իրավիճակի առանձահատկություններն էլ պետք է նպաստավոր լինեն: Պետք է հասկանանք` որո՞նք են հաջորդ քայլերը: Միայն պահանջելով հարցը չի լուծվի: Եթե պահանջենք մեր հողերը Սեւրի պայմանագրի դրույթներով, նրանք էլ կարող են պահանջել Ալեքսանդրապոլի պայմանագրի դրույթները: Պահանջատիրություն դնելու դեպքում այն երկրները, որ պատրաստ էին ճանաչել Ցեղասպանությունը, կմտածեն, որ Թուրքիայի հետ կբախվեն ավելի մեծ պրոբլեմների եւ կհրաժարվեն ճանաչել: Պահանջատիրության ժամանակը դեռ չի եկել: Հետեւանքները պետք է լրացվեն, բայց պետք է ելնել Հայաստանի կարողություններից եւ միջազգային իրավիճակի առանձնահատկություններից: Չի կարելի առանց հաշվարկման քայլեր իրականացնել»: Նկար 1. Ստեփան Ստեփանյան, Հակոբ Չաքրյան ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: