Thursday, April 15, 2010

ՀԱՍԿԱՑԱՆ, ՈՐ ՏԱՐԱԾՔ ՉԻ ԶԻՋՎԵԼՈՒ

«Լրագիր» 15-4-2010- Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայաստանյան կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը, անդրադառնալով վերջին օրերի վաշինհտոնյան իրադարձություններին, ասել է, որ տպավորություն կա, որ գործընթացի շուրջ Հայաստանում անորոշ պատկերացումներ կան, և շատերը փորձում են ինչ-որ բան որսալ հայտարարություններից, որոնք համընկնում են իրենց դիրքորոշմանը: «Նեղ ենք նայում այս գործընթացին, միայն հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում: Հայաստանում եզրակացություն կա, որ փակուղում է գործընթացը, իսկ Թուրքիայում այդպես չեն համարում, նրանք ավելի խորն են նայում», ասել է Մանվել Սարգսյանը: Փորձագետի խոսքով, Հայաստանը չհասկացավ իրավիճակը, և արդյունքը եղան բանակցությունները: 2009 թվականի հոկտեմբերից իրական վիճակը սկսեց հստակ ընկալվել, և Հայաստանի դիրքորոշումը վերադարձավ այն սկզբնակետին, որը պետք է լիներ` ցեղասպանությունը չի քննարկվում, տարածք չի զիջվելու: «Վաշինգտոնում տեսան, որ Հայաստանը հասկացել է գործընթացը, և ընդունեցին դա: Բնական է, որ այս ամենից հետո Թուրքիան պետք է ջղաձիգ պահեր իրեն», նշել է նա: Սարգսյանը համոզված է, որ Թուրքիայի մոտ էլ մեծ անորոշություն կա, կապված այն բանի հետ, թե ինչ կլինի Թուրքիայի հետ: Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա դրանք Թուրքիայի վրա են, քանի որ խնդիրը ԱՄՆ-Թուրքիա-Ռուսաստան հարթությունում է, իսկ Հայաստանը ներգրավված է դրան, ասել է նա: Նախապայմանները, ըստ Մանվել Սարգսյանի, գերտերություններն են առաջադրում, նրանք են առանձնացնում Ղարաբաղի խնդիրը, աշխուժացնում, սառեցնում գործընթացը: Ստեղծված իրավիճակում Մանվել Սարգսյանը համարում է, որ լավագույնը կլինի հետևել, թե ինչ կլինի հայկական խնդիրների և Թուրքիայի հետ միջազգային ասպարեզում: Եթե ակտիվանա ցեղասպանության ճանաչումը, ապա դա նշանակում է, որ աշխարհն արդեն այլ կերպ է հարաբերվում Թուրքիայի հետ: Մանվել Սարգսյանը ուշադրություն է դարձրել Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ ոչ ոք իրավունք չունի միջամտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Փորձագետի կարծիքով, դա նշանակում է, որ Թուրքիան և Ադրբեջանը փոխում են մարտավարությունը, հասկանալով, որ դեպքերի ներկայիս զարգացման դեպքում իրենք կորցնելու են: Գործընթացը առաջ է գնում, և չենք կարող պնդել, որ սա փակուղի է: Այն վտանգավոր է դառնում բոլորի համար, իսկ գերտերությունները լուրջ հույսեր ունեն այս գործընթացի հետ կապված, ասել է Մանվել Սարգսյանը:

No comments: