Saturday, April 17, 2010

Ահմեդ Դավութօղլու. «Թուրքիան հավատարիմ է հայ - թուրքական արձանագրություններին»

«Ազատություն» 16-4-2010- «Թուրքիան հավատարիմ է հայ - թուրքական արձանագրություններին», - ավարտելով իր հնգօրյա այցը Վաշինգտոն` ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Միաժամանակ, նա հայտարարել է, թե Ղարաբաղի հարցը Թուրքիան իբրեւ նախապայման չի դիտում, սակայն կարծում է, որ խնդրի կարգավորումը հայ - թուրքական գործընթացին օգտակար կլինի: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի վաշինգտոնյան շփումների առանցքային հարցերից մեկը հենց հայ - թուրքական երկխոսությունն է դարձել: Թուրքական լրատվամիջոցների հաղորդման համաձայն` Ահմեդ Դավութօղլուն Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հայ - թուրքական հարցը քննարկելուց բացի, նույն թեմայի շուրջ զրուցել է նաեւ ԱՄՆ-ում, Կանադայում Թուրքիայի դեսպանների հետ, այդ հանդիպմանը ներկա են եղել նաեւ հյուպատոսները Չիկագոյում, Հյուսթոնում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Բոստոնում: Արտգործնախարարը դիվանագետներին խնդրել է հայկական սփյուռքից բացի երկխոսություն սկսել նաեւ արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների հետ` ներկայացնելու համար Թուրքիայի տեսակետը: Թուրքական հանրային հեռուստաընկերության հաղորդման համաձայն` պաշտոնական Անկարայի տեսակետները ներկայացնելու, տարածելու համար հյուպատոսները հիմնականում հակառակ կարծիք ունեցողների հետ հանդիպումներ կանցկացնեն: «Հարցերը այնքան շատ էին, որ պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարը մեկ-երկու հանդիպման ընթացքում չէին կարող դրանք քննարկել», - ասել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Ֆիլիպ Քրոուլին: Թուրքիայի արտգործնախարարը Միացյալ Նահանգներում տեղի ունեցած իր շփումների ընթացքում քննարկած երկու հարցերը` հայ - թուրքական հարաբերություններն ու Իրանի միջուկային ծրագիրը, պատրաստվում է մանրամասն ներկայացնել Բաքու, ապա` Թեհրանում կատարելիք իր այցերի ընթացքում: «Եթե Ադրբեջանի նախագահը Վաշինգտոն ժամանած լիներ, հնարավոր կլիներ գործընթացի արագացում գրանցել», - ԱՄՆ-ում հայտարարել է Դավութօղլուն` կարծիք հայտնելով, թե այդ իմաստով մի «կարեւոր պահ կորցվեց»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը միջուկային անվտանգության հարցերով վաշինգտոնյան համաժողովին մասնակցելու հրավեր չէր ստացել: Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը բավական խիստ գնահատականներ պարունակող մի նամակ է հղել գործընկերներին, որտեղ հայտարարում է, թե «երբեք չի կարող ընդունել կամ հարգել բացահայտ կամ քողարկված այն պնդումները, թե ժամանակակից պատմության մեծագույն հանցագործություններից մեկը` Հայոց ցեղասպանությունը, տեղի չի ունեցել»: Բերմանը այդ նամակում անդրադառնում է թուրք - ամերիկյան նախաձեռնության խմբի անդամների կողմից Ներկայացուցիչների պալատի խոսնակին հղվող նամակներին, որով հորդորում են Կոնգրեսի օրակարգում չընդգրկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւը: «Ես համաձայն չեմ նամակում նշված շատ դրույթների, բայց հատկապես դեմ եմ «այսպես կոչված հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ» արտահայտությանը։ Դրանով, փաստորեն, մարտահրավեր է նետվում եւ կասկածի տակ է առնվում հայերի ցեղասպանության պատմականությունը, որը վկայող փաստերը իրականում անհերքելի են», - ընդգծել է Հովարդ Բերմանը: Հանձնաժողովի նախագահը նաեւ կասկածելի է համարել այն պնդումները, թե Կոնգրեսի կողմից բանաձեւի ընդունումը հարված կհասցնի հայ – թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացին, եւ հայտարարել է, թե դրանց վրա «փոշի է սկսում հավաքվել», իսկ արագ վավերացումն էլ բավական կասկածելի է:

No comments: