Saturday, April 17, 2010

Չաքրյան. Առաջ շարժվելու հերթը թուրքական կողմինն է

Aysor.am. 16.04.2010- ՀՀ նախագահ Սարգսյանի վաշինգտոնյան հանդիպումները կարևոր էին ու բարեհաջող, գտնում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Այսօր ասուլիսի ժամանակ գնահատական տալով այցին նա կարծիք հայտնեց, որ դրա հաջողակ լինելու հիմքում ընկած են ոչ թե նախագահ Սարգսյանի դիվանագիտական բարձր կարողությունները, այլ` միջազգային քաղաքական ասպարեզում տիրող ավելի նպաստավոր պայմանները: Ըստ բանախոսի, Վաշինգտոնյան միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում շատ անհաջող էին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքերը, քանի որ թուրքական կողմի երկու խնդիրները` ստիպել Հայաստանին ընդունել ղարաբաղյան նախապայմանը հայ-թուրքական հաշտեցման գործընթացի առաջխաղացաման համար և պարտադրել հայկական կողմին, որ զիջումներ անի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, անհաջողության են մատնվել: «Պետք է ասել` ի պատիվ Հայաստանի նախագահի, նա հենց Էրդողանի երեսին ասաց, որ հայկական կողմը հայ-թուրքական հաշտեցման դիմաց Ղարաբաղի հարցում նախապայման չի ընդունի»,- նշեց Ա. Չաքրյանը: Թուրքագետի կարծիքով, առաջ շարժվելու հերթը թուրքական կողմինն է, և նոր քայլեր հայկական կողմից սպասելի չեն: Նա հնարավոր է համարում նաև այն, որ Հայաստանն առաջինը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: «Եթե անգամ վավերացնի էլ, ապա սխալ քայլ չի անի, այդ պարագայում պատասխանատվությունը կընկնի թուրքական կողմի վրա»,- ասաց նա:

No comments: