Saturday, April 17, 2010

Թուրքիան չի պատրաստվում քաղաքական ապաստան տրամադրել Բակիևին

Panorama.am. 17-4-2010- Տեղեկություններն այն մասին, թե Ղրղզստանի պաշտոնաթող նախագահ Բակիևը քաղաքական ապաստան հայցելու նպատակով ժամանելու է Թուրքիա չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել է թուրքական NTV հեռուստաընկերությունը, հղում անելով երկրի արտաքին գործերի նախարարության անանուն աղբյուրներին: Պաշտոնական որևէ այլ տեղեկատվություն հարցի վերաբերյալ չի հաղորդվում: Հիշեցնենք, այն բանից հետո, երբ Բակիևը մասնավոր ինքնաթիռով մեկնեց Ղազախստան, որոշ լրատվամիջոցներ լուրեր տարածեցին, թե Բակիևի մոտակա հանգրվանը կարող է լինել Լատվիան կամ Թուրքիան: Հատկանշական է, որ Թուրքիայի նախագահ Գյուլի հրավերով երեկ Անկարա էր ժամանել Ղրղզստանի ժամանակավոր կառավարության փոխվարչապետ Ալմազբեկ Ատամբաևը` Ղրղզստանին ֆինանսական օգնություն խնդրելու նպատակով: Գյուլի հետ հանդիպումից հետո, պաշտոնական հաղորդագրություն է տարածվել, որտեղ ասված է, թե Թուրքիան միշտ պատրաստ է նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերել Ղրղզստանի եղբայրական ժողովրդին:

No comments: