Monday, April 19, 2010

Բաքուն սպառնում է Իրանի տարածքային ամբողջականությանը

Aysor.am. 19-4-2010- Պաշտոնական Բաքուն սկսել է վարել հակաիրանական նոր քաղաքականություն` էկրան բարձրացնելով ամերիկյան «300 սպարտացիներ» հակաիրանական ֆիլմը, որտեղ Իրանի հազարամյա պատմության փաստերը աղավաղված են ներկայացվում: Այդ մասին հաղորդում է իրանական «թաբնաք.իր» կայքը: «Ադրբեջանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Իրանի անջատողական խմբավորումներին: Բաքվի պաշտոնյաները հավանաբար մոռացել են, որ իրենց երկրի տարածքը իրանական պատմական տարածք է»,- նշում է կայքի վերլուծաբանը: Մեկնաբանի պնդմամբ, Իրանի իշխանությունները պետք է համապատասխան քայլեր ձեռնարկեն Բաքվի նմանօրինակ հակաիրանական քարոզչությանը վերջ դնելու համար: Ըստ «թաբնակ.իր» կայքի մեկնաբանի` Ադրբեջանի հակաիրանական դոկտրինի հիմքում ընկած են հետևյալ գործողությունները: 1. Լեզվական հակասություններ առաջացնել իրանցի թյուրքախոս ազերիների շրջանում 2. Քայլ առ քայլ քաղաքական ֆեդերալիզմի պահանջ ներկայացնել 3. Առաջ քաշել էթնիկ ֆեդերալիզմի պահանջ 4. Պատմական Ադրբեջանի անջատում Իրանից 5. Միացում Ադրբեջանի Հանրապետությանը 6. Միավորված Ադրբեջանի միացումը Թուրքիային 7. Պանթյուրքիստական հիմնական նպատակի իրագործում, Մեծ Թուրանի ստեղծում: «Թաբնակ.իր» կայքի մեկնաբանը շարունակում է. «Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ ճնշում են իրենց երկրի ազգային փոքրամասնություններին` թալիշներին, լեզգիներին, քրդերին: Ադրբեջանում բնակվում են շուրջ 1.5 միլիոն թալիշներ, սակայն նրանց թիվը պաշտոնապես ներկայացվում է 50.000»: Վերջում մեկնաբանը նշում է, որ իրանցիները երբեք չեն մոռանա Հեյդար Ալիևի արտահայտած միտքը. «Իրան ասելիս ես նկատի ունեմ հարավային Ադրբեջանը»:

No comments: