Thursday, September 23, 2010

Այն, որ Թուրքիան միայն վերջին շրջանում է հայկական հուշարձանների վերականգման ուղղությամբ քայլեր ձեռնարկում, իր դրդապատճառներն ունի». Ք. Մելքոնյան

HayNews.am. 23-9-2010- «Աղթամարի Սուրբ Խաչը և ապագայում մնացյալ եկեղեցիները վերանորոգելով` Թուրքիան ցանկանում է եվրոպական կառույցներում ցույց տալ, որ ինքը փոխվել է, փոխել է նաև իր վարած քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների նկատմամբ»: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխաող, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Մելքոնյանը` անդրադառնալով առաջիկայում Թուրքիայի կողմից Դիարբեքիրի Ս. Կիրակոս եկեղեցու վերանորոգման մասին շրջանառվող լուրերին:
Ք. Մելքոնյանը վստահ է, որ Թուրքիան պարտավոր է վերանորոգել մեր պատմական հուշարձանները: Այս առիթով նա նշեց, որ 1912-13թթ Պոլսո պատրիարքարանի կողմից հրապարակված տվյալների համաձայն` Թուրքիայում եղել է 2000-ից ավելի հայկական պատմամշակութային հուշարձան, որոնց մեծ մասը ոչնչացվել է Ցեղասպանության տարիներին: Ավելին` 1974-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հրապարակած տվյալների համաձայն` 1923 թվականից հետո պահպանվել է հայկական հուշարձաններից միայն 913-ը, որոնցից 464-ն այժմ ամբողջովին վերացված են, 252-ն` ավերված, իսկ մոտ 197-ը վերանորոգման կարիք ունեն:
«Այն, որ Թուրքիան միայն վերջին շրջանում է հայկական հուշարձանների վերականգման ուղղությամբ քայլեր ձեռնարկում, իր դրդապատճառներն ունի»,- հայտնեց Ք. Մելքանյանն ու որպես դրդապատճառ` թվարկեց. «Նախ` Եվրամիության ճնշումներն են Թուրքիայի վրա և ապա, ըստ թուրքերի, այն հիանալի ներդրում է Թուրքիայի տնտեսության զարգացման համար»:
Ք. Մելքոնյանի դիտարկմամաբ` այսպիսով թուրքերը հավանապար կարծում են, որ հայկական հուշարձանները վերանորոգելով` կկարգավորվեն նաև հայ-թուրքական հարաբերությունները:

No comments: