Thursday, April 22, 2010

Չավուշօղլուի թեկնածությունն անընդունելի է. Նաիրա Զոհրաբյան

Tert.am. 21-4-2010- ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուի կողմից ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ղեկավարումն անընդունելի է։ Այս մասին Tert.am-ին ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Նա ներկայացրեց ԲՀԿ դիրքորոշումը՝ նշելով, որ իրենց համար բացարձակապես անընդունելի է ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ղեկավար տեսնել Մևլութ Չավուշօղլուին՝ հաշվի առնելով, որ նախկինում այդ ենթահանձնաժողովը գործել է և երբևէ իր արդյունավետությամբ աչքի չի ընկել։ «Չավուշօղլուի կողմից հիշյալ հանձնաժողովի ղեկավարումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններին վնասելուց բացի ոչինչ չի տա»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։ ԲՀԿ-ական պատգամավորը նաև տեղեկացրեց, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին հայկական պատվիրակությունը հանդես է գալու փախստականներին, բռնի տեղահանվածներին, Մարաղայի ցեղասպանությանը վերաբերող մի շարք զեկույցներով։ Նստաշրջանի ընթացքում կներկայացվի նաև ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի տարեկան զեկույցը։ Մարդու իրավունքների եվրոպացի հանձնակատարին Զոհրաբյանը պատրաստվում է հարց ուղղել 100 հազար հայերին Թուրքիայից վտարելու մասին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարության առնչությամբ։

No comments: