Wednesday, April 21, 2010

Հոլանդահայերը խնդրագիր են հանձնել խորհրդարանի հանձնաժողովին

Tert.am. 21-4-2010- Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 20-ին Հաագայում՝ Նիդերլանդների խորհրդարանի դիմացի Het Plain հրապարակում, տեղի է ունեցել հանրահավաք։ Հոլանդահայ կազմակերպությունների դաշնության «Ապրիլ 24» կոմիտեի և Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի կազմակերպած հանրահավաքին ներկա են եղել հինգ հարյուրից ավելի ցուցարարներ: Հանրահավաքին ելույթ են ունեցել խորհրդարանի անդամներ Քեյս վան դեր Ստայը (Kees van der Staaij-SGP), Հարրի վան Բոմմելը (Harry van Bommel–SP), Յոել Վորդեվինդը (Joսl Voordewind–CU): Խորհրդարանի շենքի դուրս են եկել և հանրահավաքին միանալով՝ ելույթներ ունեցել պատգամավորներ Կատլեն Ֆերյերը (Kathleen Ferrier–CDA) և Հան Տեն Բրուկը (Han Ten Broeke–VVD): Ելույթներ են ունեցել նաև Հաագայում Իսրայելի տեղեկատվության և վավերագրության կենտրոնի տնօրեն Ռոնի Նաթանիելը, հոլանդահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բոլոր ելույթներում Թուրքիային կոչ է արվել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և վերջ տալ ժխտողականության քաղաքականությանը: Յոել Վորդեվինդը, Քեյս վան դեր Ստայը և Հան Տեն Բրուկը նշել են նաև, որ իրենք աջակցում են Հաագայում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի կառուցման հոլանդահայ համայնքի մտադրությանը: Նիդերլանդների հրեական կառույցների անունից այդ նախաձեռնությանն աջակցություն է հայտնել Ռոնի Նաթանիելը: Ելույթների ավարտից հետո հանրահավաքի մասնակիցների անունից կազմակերպիչների պատվիրակությունը մտել է խորհրդարանի շենք և խնդրագիր հանձնել Երկրորդ պալատի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին և անդամներին: Հանրահավաքն ավարտվել է երթով՝ դեպի Թուրքիայի դեսպանություն։ Հանրահավաքը նկարահանվել է հոլանդական, ինչպես նաև թուրքական հեռուստաընկերությունների կողմից: Նույն օրը ավելի ուշ նշված հրապարակում ցույց են կազմակերպել ադրբեջանական և թուրքական համայնքների ներկայացուցիչները, որին մասնակցել է առավելագույնը 40 մարդ:

No comments: