Wednesday, May 5, 2010

Հնարավոր պատերազմը` Հարավային Կովկասում

Aysor.amղ 5-5-52010- Այսօր Հարավային Կովկասում, որն իր մեջ ամփոփում է տարբեր ինտենսիվության և ընդգրկման հակամարտություններ, փակ սահմաններ և ռազմական հռետորականություն, ռազմական բախման վտանգը բավական իրատեսական է: Այն առավել իրատեսական դարձավ, երբ 2008 թ-ին Վրաստանը ռազմական ճանապարհով փորձեց իրավական իր տիրույթ վերադարձնել Հարավային Օսիան և Աբխազիան, որի արդյունքում անհետադարձ կորցրեց նրանց: Ավանդաբար քաղաքագետները և փորձագետ-վերլուծաբաններն այն կարծիքի են, թե Հարավային Կովկասում առկա հակամարտությունների շարքում ԼՂ հակամարտությունը որակապես տարբերվում է, ինչպես ընդգրկման ձևաչափով, այնպես էլ առաջ բերած հետևանքներով (մոտ երկու տասնամյակ կաթվածահար է եղել տարածաշրջանային հաղորդակցային և տնտեսական գործակցային հնարավորությունները, կամ գործարկվում են տնտեսապես ոչ շահեկան շփման ձևաչափեր): Այսօրինակ պայմաններում, երբ պատերազմը դեռ չի ավարտվել և իրատեսական մեխանիզմներ էլ, ըստ էության, առկա չեն ԼՂ հակամարտության լուծման համար, առավել սաստկացել է ռազմական ճանապարհով հիմնախնդիրը լուծելու` Ադրբեջանի ռազմական հռետորությունը: Բոլոր այն խնդիրների հետ (վարչակարգի լեգիտիմության ապահովում, միջազգային հանրության առջև քաղաքական դիրքերի ամրապնդում և այլն), որ Ադրբեջանը այսօր լուծում է, ռազմական հռետորականությունը զուգահեռվում է նրա կողմից սեփական զինված ուժերի, զինտեխնիկայի համալրման, ռազմական բյուջեի ավելացման և բանակաշինական գործողություններով: Հանգամանք, որի նկատմամբ Հայաստանը և ԼՂ-ն չեն կարող անտարբեր լինել: Պարբերական սպառնալիքները, որ հնչեցվում են Ադրբեջանի Նախագահի կամ Պաշտպանության նախարարի կողմից, վերլուծության և անհրաժեշտ հետևությունների հիմք են տալիս, քանի որ կապված են հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման հետ: Սակայն այստեղ մի շատ կարևոր հարց է ծագում, թե որքանով է Ադրբեջանը ինչպես ռազմավարական և մարտավարական, այնպես էլ արտաքին քաղաքական և ռազմական տեսանկյուններից պատրաստ այդ քայլին: Փորձենք տեղեկատվության համադրման և ռազմական ներուժի գնահատման մեխանիզմների միջոցով որոշակիացնել ուժային հարաբերակցությունը Հայաստանի (ԼՂՀ) և Ադրբեջանի միջև՝ դրանից վերհանելով տարածաշրջանում մեծ պատերազմի վերսկսման հնարավորությունները` կարճաժամկետ հեռանկարում: 1. Ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման ռազմավարական հարթությունը Նախ հարկավոր է նշել, որ ԼՂ հակարմարտության՝ ԵԱՀԿ կարգավորման միջակայք մտնելու և հատկապես Մինսկի խմբի՝ որպես հակամարտության լուծման գերակա ձևաչափի արձանագրման օրվանից այն միջազգայնացվել է: Իսկ դա նշանակում է, որ հակամարտության լուծման հիմանահարցը առաջատար ուժային կենտրոնների շահերի հետ անմիջականորեն առնչվող ոլորտ է, որտեղ նրանցից յուրաքանչյուրը տարբեր խորության և կարևորության սեփական շահերն ունեն. այս առումով առանձնահատուկ են Մոսկվան և Վաշինգտոնը, որոնցից առաջինը տարածաշրջանը դիտում է որպես իր ավանդական, իսկ երկրորդը՝ իր կենսական շահերի գոտի, ուստի անմիջականորեն կամ միջնորդավորված ներկայացված է տարածաշրջանային ամենատարբեր գործընթացներում: Գաղտնիք չէ, որ հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ այսօրինակ հետաքրքրությունը կապված է, առաջին հերթին, նրա էներգետիկ և հաղորդակցային բնորոշիչների հետ, որոնք Հարավային Կովկասին տալիս են ռազմավարական նշանակություն: Վերոնշյալից հետևում է, որ հարավկովկասյան հարթակում Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման որոշումը, բացի ՀՀ-ի և ԼՂՀ-ի հետ առնչվելուց, առաջին հերթին կապված է լինելու գերտերությունների շահերի հետ: Իսկ նրանցից յուրաքանչյուրն ունի իր՝ հաճախ մյուսներից տարբերվող գերակայությունները և տարածաշրջանի ապագայի յուրովի տեսլականը: Օրինակ՝ Վաշինգտոնը այսօր ամենևին շահագրգիռ չէ, որ Հարավային Կովկասում պատերազմ վերսկսվի, քանի որ մերձավորարևելյան չկարգավորված գործընթացում, իրաքյան չավարտված կոմպանիայի, աֆղանական ռազմական անհաջողությունների և Իրանի շուրջ լարված իրավիճակում ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ գլխացավանք կդառնա Վաշինգտոնի համար, քանի որ տարածաշրջանային գերակայության, կայունության և կանխատեսելիության մթնոլորտի վերացման պայմաններում կարող է ուժային հարաբերակցության նոր ձևաչափի հիմք և տարածաշրջանային մրցավազքի նոր մեկնակետի սկիզբ դառնալ: Դա, թերևս, այսօր ոչ մի կերպ չի տեղավորվում Բ. Օբամայի վարչակազմի կողմից այդքան աջակցություն ստացած հայ-թուրքական մերձեցման գործընթացի ետնապատկերի ներքո, քանի որ հնարավոր ռազմական գործողությունները լիովին վերջակետ կդնեն հոգեվարքի մեջ գտնվող ողջ գործընթացի վրա՝ Վաշինգտոնի համար դրանից բխող բացասական բոլոր հետևանքերով: Ռազմավարական տեսանկյունից` ռազմական գործողություններն Ադրբեջանից և Կասպյան տարածաշրջանից դեպի Արևմուտք էներեգետիկ ռեսուրսների ներկրման գործընթացի խափանման պատճառ կդառնան, որի արդյունքում էներգետիկ ճգնաժամեր և էներգառեսուրսների գնային էական աճ կարձանագրվի՝ ներկրող երկրների տնտեսությունների վրա դրա բացասական անդրադարձի բոլոր դրսևումներով: Պատերազմն անկայունության տարածման և ՀՀ-ի նկատմամբ երկկողմ և բազմակողմ (ՀԱՊԿ-ի շրջանակներում) դաշնակցային պարտավորությունների հնարավոր իրագործման տեսանկյունից շահեկան չի լինի նաև Մոսկվայի համար, քանի որ այսօր ռուսական ազդեցությունը ինչպես ռուս-վրացական պատերազմի գործոնով, այնպես էլ Հայաստանի հետ ավանդական, իսկ Թուրքիայի հետ նոր թափ հավաքող ռազմավարական գործակցության տեսանկյունից բավական կայուն աճի միտումներ է արձանագրում: Ուստի պատերազմը, որը բացասաբար կանդրադառնա նշյալ գործընթացի վրա, ինչպես նաև` լարվածություն կմտցնի ռուս-ադրբեջանական հարաբերություններում, կարող է էականորեն փոխել ՌԴ-ի համար Հարավային Կովկասում գերտերությունների միջև այսօր ձևավորված ուժային հարաբերակցության հիմնական միտումները: Մյուս կողմից, եթե անդրադառնանք ռազմական գործողությունների վերսկսման վատթարագույն սցենարին, որի հետևանքով ասենք ՀՀ (ԼՂՀ)-ն պարտություն կրի, ապա տարածաշրջանում ՌԴ-ի դիրքերը ռազմավարական առումով էականորեն կթուլանան. Արդյունքում` տարածաշրջանում վերահսկողության կանխատեսվող նոր մրցավազքում «հայկական միջակայքը» կարող է «լցվել» նաև ՌԴ-ի համար ոչ ցանկալի սուբյեկտներով: Ներկայացված վատագույն սցենարն ամենևին շահեկան չէ նաև Իրանի համար, որի արդյունքում նա իր հյուսիսում կստանա բավական հզոր Ադրբեջան, իսկ տարածաշրջանում ուժային հարաբերակցությունը կուղղորդեն Արևմուտքն ու թուրք-ադրբեջանական ուղեգիծը: Էներգետիկ ներկրումների տեսանկյունից, որոնք Անկարան ստանում է Ադրբեջանից և Կասպյան տարածաշրջանից, և որոնք կխափանվեն ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում, Թուրքիան անկասկած կտուժի, ինչը կանդրադառնա նրա մակրոտնտեսական ողջ համայնապատկերի վրա: Սակայն ռազմաքաղաքական առումով ռազմական գործողությունների վերսկսումը մի քանի հնարավորություններ կընձեռի Թուրքիային, որոնցից կառանձնացնենք մի քանիսը. Անկարան, համենայն դեպս, հրապարակային լեգիտիմ հիմնավորում կստանա Նախիջևանում սեփական զորամիավորումները տեղակայելու համար՝ պատճառաբանելով Նախիջևանին սպառնացող վերահաս «հայկական վտանգը»: Անկարան կկարողանա խուսափել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից, ինչպես նաև` դրանցով պայմանավորված պարտավորությունների ի կատար ածումից, կփորձի ամեն կերպ ճնշում գործադրել ՀՀ-ի վրա զիջումների գնալու ինչպես ԼՂ, այնպես էլ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում` ասենք, խստացնելով Թուրքիայում հայկական գործարար ներկայացվածության հարկային, մաքսային և անցագրային ռեժիմները, աջակցելով Ադրբեջանին կփորձի վերականգնել ճաք տված քաղաքական հարաբերությունները, կփորձի ձևավորված իրավիճակում գերտերություններին ներկայացնել, որ ռազմական գործողությունները ԼՂ հարցում հայական կոշտ դիրքորոշման արդյունք են և հարկավոր է ճնշում գործադրել Երևանի վրա` մեղմելու նրա սկզբունքային մոտեցումները: Սակայն Թուրքիայի հնարավոր ակտիվացմանը, մեր կարծիքով, կհակադարձեն ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ Ռուսաստանը (այդ թվում ՀԱՊԿ-ի մասով), քանի որ նմանօրինակ քայլերի տրամաբանական շարունակությունը տարածաշրջանում հիմնովին հաստատվելու նպատակն է, որն այսօր արդեն ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Մոսկվայի համար նպատակահարմար չէ: Օրինակ՝ Վաշինգտոնի համար Անկարան անհարմար քաղաքական գործընկեր է, որի առևտրային դիվանագիտությունն ավելի շատ վերածվում է քաղաքական ֆարսի՝ ժանրին բնորոշ բոլոր ատրիբուտներով, քան իրական գործընկերության: Այսօր Անակարն խիստ բարձրացրել է Վաշինգտոնին մատուցվող ծառայությունների գինը, որոնք միշտ չէ, որ ձեռնտու են վերջինիս: Ուստի հարկավոր են նոր հարթակներ նոր տարածաշրջաններում, որոնք առնվազն այլընտրանք կհանդիսանան Թուրքիային: Ռազմական գործողություններում ամենևին շահագրգռված չեն նաև ԵՄ-ն և ԵԽ-ն, քանի որ ժողովրդավարացման և քաղաքական բարեփոխումների, միացյալ Եվրոպային հարևան, կանխատեսելի, կայուն տարածաշրջանների ստեղծման` նրանց ջանքերը ռազմական գործողությունների վերսկսման հետ հօդս կցնդեն, որի արդյունքում քաղաքական, սոցիալական և հումանիտար ճգնաժամեր կսկսեն Եվրոպայի համար դրանից բխող վտանգի աղբյուրներով: Այսպիսով, վստահորեն կարելի է փաստել, որ ուժային հարաբերակցության ներկա պայմաններում ռազմավարական-աշխարհաքաղաքական առումով ռազմական գործողությունների վերսկսման հեռանկարը չի բխում տարածաշրջանային ներգրավվածություն ունեցող գերտերություններից և ոչ մեկի շահերից, քանի որ ավելի շատ անորոշության և անկանխատեսելիության տարրեր, քան հստակություն է մտցնում հարավկովկասյան աշխարհաքաղաքական խաղի ներկայիս ձևաչափում: Շարունակելի… «Փորձագետ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ք.գ.թ. Ալեն Ղևոնդյան

No comments: