Saturday, May 1, 2010

Էրդողան. «Առանց նախապայմանի», բայց…

Tert.am. 1-5-2010- Անկարայի համար ընդունելի է «առանց նախապայմանի» հասկացությունը, սակայն առանց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման դժվար կլինի առաջ տանել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք ժողովրդին ուղղված իր ուղերձում: «Մենք մանրակրկիտ ձևով շարադրել ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնախնդրի հարցում Թուրքիայի ակնկալիքներն ու իրականացվելիք այն դրական քայլերը, որոնք կնպաստեն խնդրի կարգավորմանը: Մենք ընդունում ենք «առանց նախապայմանի» հասկացությունը` սակայն դրա դիմաց դնելով մեկ բան: Դա տարածաշրջանային խաղաղության հաստատումն է, իսկ տարածաշրջանային խաղաղություն ասվածի մեջ ընդգրկված են երկու դերակատարներ: Եվ քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները չեն հարթվել, անկասկած, խնդիրներ են նկատվելու հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ տանելու հարցում»,- հայտարարել է Էրդողանը` շարունակելով. «Ինչպես գիտեք՝ հարցի առնչությամբ նոր զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին, և ցավալի է, որ Հայաստանը միակողմանիորեն առկախեց արձանագրային գործընթացը: Բնականաբար, այդ որոշումը հայկական կողմի որոշումն է, իսկ այդ հարցում Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ իր նախկին դիրքորոշմանը: Մենք հենց սկզբից ցույց տվեցինք Արձանագրությունների տառին և ոգուն հավատարիմ մնալու մեր գործելաոճը և այդպես էլ շարունակելու ենք»: Անդրադառնալով Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձին` Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ դա անընդունելի է: «Ապրիլի 24-ին Օբաման, քաջատեղյակ լինելով հարցի առնչությամբ մեր զգայունությանը, այնուամենայնիվ, խոսեց այնպիսի պնդումների մասին, որոնք պարզապես անընդունելի են մեր ազգի համար: Որպես պետություն, որպես կառավարություն` մենք միշտ արտահայտում ենք անհրաժեշտ հակազդեցությունը: Բնականաբար, մենք քննադատում ենք տարիներով շարունակվող այդ անարդարացի դիրքորոշումը...Մյուս կողմից հայտարարում ենք, որ ահնրաժեշտ է այդ հարցն իր բոլոր կողմերով պատմաբաններին թողնելու անհրաժեշտության մասին, սակայն, ցավոք, երրորդ երկրներն այդ հարցը շարունակում են ներքաղաքական շահարկումների թեմա դարձնել իրենց համար: Նման մոտեցումը և խորը հետքեր է թողնում մեր ազգի վրա, և բացասաբար ազդում հայ-թուրքական հարբերությունների կարգավորման գործընթացի վրա: Հարկավոր է րոպե առաջ ազատվել այդ սխալ գործելաոճից»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

No comments: