Tuesday, July 13, 2010

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԱՄԱՐ «ՎԵՐԱՀՍԿԵԼԻ» ԵՆ ՄԻԱՅՆ ԻՐ ԻՍԿ ՎԵՐԱՀՍԿԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

Այլապես նա չի կարող վերահսկել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը «ԱԶԳ», 13-07-2010 - Հուլիսի 9-ին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդես է եկել մադրիդյան, այսպես կոչված, նորացված սկզբունքների մասին հայտարարությամբ: Նա, ինչպես նշում է թուրքական haberx.com կայքէջը, ասել է, որ իրենք պատրաստ են ընդունել այս սկզբունքները, ավելացնելով. «Առաջիկա 5 տարվա ընթացքում Քելբաջարն ու Լաչինն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ»: Մամեդյարովը միաժամանակ նշել է, որ ինքը ԵԱՀԿ արտգործնախարարների Ալմաթիում նախատեսվող ոչ պաշտոնական հանդիպմանն այդ հարցը կքննարկի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ապա եւ շարունակել է. «Ադրբեջանական կողմը պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջադրած մարդրիդյան նորացված սկզբունքներին համապատասխան ձեւակերպված պայմանագիրը: Սակայն Հայաստանն այդ սկզբունքները ո՛չ ընդունում է, ո՛չ էլՙ մերժում: Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կողմերից պահանջել էին հաշտության պայմանագիր ստորագրելու հարցում ընդհանուր հայտարարի գալ: Իմ կարծիքով, այդ հարցը այլեւս փակված է, մենք արդեն համաձայնության ենք եկել, որ Քելբաջարն ու Լաչինն առաջիկա 5 տարում ենթարկվեն ադրբեջանական կառավարության վերահսկողությանը: Մինչդեռ հայկական կողմը նպատակ ունի այդ հարցում շարունակել բանակցությունները: Ալմաթիում դա առաջնահերթ նշանակությամբ կքննարկենք: Կարծում ենք, որ այդ հարցում մենք ընդհանուր հայտարարի ենք եկել Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ: Այս երկու քաղաքները չեն մտնում Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղ շրջանի մեջ: Նախ մեր վերահսկողության տակ պետք է անցնեն Լեռնային Ղարաբաղին հարակից 5 շրջանները, իսկ առաջիկա 5 տարումՙ նաեւ Քելբաջարն ու Լաչիննՙ անվտանգության նկատառումներով: Երբ Մինսկի խմբի համանախագահող երկրները նպատակահարմար գտան Լաչինն ու Քելբաջարը վերադարձնել ու դրա համար սահմանեցին 5 տարվա ժամկետ, մենք համաձայնեցինք: Հույս ունենք, որ առաջիկա 5 տարում կհամաձայնի նաեւ Հայաստանը: Սակայն Սանկտ Պետերբուրգում հայկական կողմը նորից օրակարգ բերեց այս հարցը»: «Ազգը» նախորդ համարում, անդրադառնալով Ադբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարություններին, կասկածանքով էր վերաբերվել: Հատկանշական էր, որ թուրքական կայքէջն էլ նրա խոսքերը հարցական նշանով է ավարտում: Այսինքնՙ նույնպես կասկածում է, որովհետեւ դրանք իրարամերժ եւ հակասական են: Այլ կերպ Էլմարը զավզակություններ է թույլ տալիս: Դա ոչ այնքան նրա տխմարության, որքան ցանկատեսության արդյունքն է: Ակնհայտ է, որ կեղծիքն անընդմեջ որպես ճշմարտություն ներկայացնելու դեպքում մասսայականացվում է, իսկ մասսայականացումը կեղծարարին հնարավորություն է տալիս, որ միջազգային հնչեղություն հաղորդի կեղծիքին: Միջազգային հնչեղության պարագայում, խնդիրն, ինչ խոսք, Էլմարը չէ, այլ ադրբեջանցի մարդասպան հրոսակին խրախուսելու ԱՄՆ-ի, Եվրոմիության, եվրոպական այլ կառույցների չարանենգ քաղաքականությունը, որը միշտ եղել է երկդիմի հատկապես հայ ժողովրդի հանդեպ, իսկ հիմա առավել ցայտուն է դրսեւորվում: Դա ունի պատմական վաղեմություն եւ խոր արմատներ, իսկ դրա պատճառները բազմաբնույթ են: Պարզապես ասենք, որ հունիսի 18-ին, երբ ադրբեջանցի հրոսակը պետականորեն կազմակերպված դիվերսիա էր իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմՙ սպանելով 4 հայ զինծառայողի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներըՙ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, Եվրոմիությունը եւ եվրոպական կառույցները, պահպանելու համար իրենց որդեգրած քաղաքականության «հավասարակշռությունը» Հարավային Կովկասում, հավասարության նշան էին դնում հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ: Թերեւս դրանով էլ արդարացնում էին դիվերսիան, որ մարդասպան հրոսակը քաջալերվի այս խրախուսանքով եւ նոր դիվերսիա կազմակերպիՙ սպանություններով հանդերձ: Մանավանդ որ ադրբեջանցի հրոսակը ցանկանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համարել «չվերահսկվող» տարածք, իսկ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, ի դեմս Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի, տուրք է տալիս դրան, թե ղարաբաղյան հակամարտության առնչությամբ, ինչպես նշել է նախորդ համարում «Ազգ»-ը, «սառեցված» տերմինի օգտագործումը «մոլորության մեջ է գցում» միջազգային հանրությանը: Սա այն դեպքում, երբ Ադրբեջանն իր իսկ սանձազերծած պատերազմում, այն էլ Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի հայկական ջարդերից հետո, խայտառակ պարտություն է կրել Լեռնային Ղարաբաղից, ունենալով ընդ որում իր շարքերում թուրք կամավորների, աֆղան թալիբների, ուկրաինացի եւ չեչեն վարձկանների: Արեւմուտքին, ինչ խոսք, դա չի հետաքրքրում: Սակայն Լեռնային Ղարաբաղը վերահսկելի դարձնելը միանգամայն կհետաքրքրի: Դրա համար ի՞նչ է անհրաժեշտ: Ադրբեջանական նոր դիվերսիա: Ինչո՞ւ: Որպեսզի Արեւմուտքը, ելնելով այդ դիվերսիաներից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը «չվերահսկվող» տարածք հայտարարի: Այդ դեպքում արդեն նա, թեկուզ տեսականորեն, կստանա Լեռնային Ղարաբաղը վերահսկելու հնարավորություն: Մի առիթով գրել էինք. «Շունը շնից, բոլորը մի տնից»: Արեւմուտքը «վերահսկելու» յուրահատուկ բնազդ ունի՞, թե՞ ոչ, չգիտենք: Բայց որ նրա բնորոշմամբ «վերահսկելի» են միայն իր իսկ վերահսկած տարածքները, կասկած չի հարուցում: Մնացածը պետք է համարել «չվերահսկվող», հատկապես Լեռնային Ղարաբաղի պարագայում, որովհետեւ Հարավային Կովկասն ազդեցության տակ վերցնելու առումով առանցքային նշանակություն ունի այն հարցը, թե ո՞ւմ նախաձեռնությամբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: