Saturday, July 10, 2010

ԽՄԲԱՊԵՏ ՇԱՎԱՐՇԸ

«Լրագիր» 10-7-2010- Հայ-ադրբեջանական “լեզվակռիվները” պարբերաբար բռնկվում են Ղարաբաղի խնդրի շուրջ, հատկապես երբ հայտարարություն են անում Մինսկի խմբի համանախագահները, կամ համանախագահ երկրների ղեկավարները: Այս վերջինների հայտարարությունները քաղաքական գլուխգործոցներ են, այնպիսի տեքստեր, որ կարող ես մեկնաբանել ինչպես կամենաս, եւ չես սխալվի: Դա է հենց քաղաքական տեքստի հզորության գաղտնիքը: Մյուս կողմից, քանի որ պետք է շարունակել կարգավորման իմիտացիան, այդ տեքստերում աստիճանաբար ավելանում է “դոզան”, որն ավելի է բորբոքում հայ-ադրբեջանական լեզվակռիվը:Հայկական կողմից այս առումով ամենաակտիվը ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն է, ով փորձում է ձեւավորել հայկական կողմի կոշտ դիրքորոշման պատկերը, իր հայտարարություններում ու հարցազրույցներում բմբլահան անելով Ադրբեջանի մեծ ու փոքր պաշտոնյաներին: Իսկ վերջին առիթը Ալիեւի ու Մամեդյարովի հայտարարություններն էին առ այն, որ ըստ կարգավորման պլանի, հայերը պետք է դուրս գան թե 5 շրջաններից, թե նաեւ Քելբաջարից ու Լաչինից:Շավարշ Քոչարյանն այս առիթով իր մեկնաբանություններում ասում է հետեւյալը. “որևիցե տարածքից ղարաբաղյան ուժերի դուրսբերման մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել ընդունել Ղարաբաղի կարգավիճակը` համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության արդյունքների, և պատրաստակամություն չի հայտնել դուրս բերելու իր զինված ուժերը ԼՂՀ օկուպացված տարածքներից”:Թվում է, բավական կոշտ ու հիմնավոր պատասխան: Սակայն հարց է առաջանում, որն ուղղում ենք Շավարշ Քոչարյանին` ակնկալելով հստակ պատասխան. Եթե ադրբեջանական ուժերը դուրս են բերվում ԼՂՀ օկուպացված տարածքներից, հայկական ուժերն այդ դեպքում դո՞ւրս են բերվելու “որեւիցե տարածքից”:Նախքան այս հարցին պատասխանելը Շավարշ Քոչարյանին հիշեցնենք, որ նա չի հերքել ԱՄՆ համանախագահ Ռոբերտ Բրադկեի հայտարարությունն առ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունում են կարգավորման 6 տարրերը, ըստ որոնց թե հայկական ուժերն են դուրս բերվում, թե փախստականներն են վերադառնում, եւ թե խոսվում է Ղարաբաղին ինչ որ անցումային կարգավիճակ շնորհելու հարցը:

No comments: