Saturday, July 10, 2010

Վարդավառի խորհուրդն ամբողջ աշխարհում նույնն է, ծիսակարգերը՝ տարբեր

Հուլիսի 11–ին ամբողջ քրիստոնյա աշխարհը նշում է Աստծո Պայծառակերպության կամ Այլափոխության տոնը, որը հայ ժողովրդի մոտ հայտնի է Վարդավառ անունով։ Վարդավառը հայ եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է, որը խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը։ «Պատմությունն ասում է, որ Աստված, այսինքն Քրիստոսը, վերցրեց իր երեք աշակերտներին, բարձրացավ Թաբուր լեռը՝ աղոթելու համար և նրանց առջև պայծառակերպվեց»,– տոնի խորհուրդն այսպես լրագրողներին ներկայացրեց Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը, որն այսօր հանդիպեց լրագրողների հետ։ Վարդավառը հայոց եկեղեցիներում նշվում է երեք օր։ Առաջին օրը նախատոնական է, երկրորդ օրը բուն պատարագն է, իսկ հաջորդ օրը մեռելոցն է։ Տեր Բաբկենի տեղեկացմամբ, Վարդավառը խորհրդանշում է ներկան, անցյալը և ապագան։ Ինչ վերաբերում է ժողովրդի կողմից Վարադավառն իրար ջրելով նշելու ավանդությանը, տեր Բաբկենն ասաց, որ տոնը ջրով նշելը ժողովրդի ավանդույթն է և որևէ աստվածաբանական խորհուրդ չունի։ Միակ խորհուրդը թերևս այն է, որ «ջուրը Տիրոջ գործիքներից է, որը ծառայում է նրա արարչագործությանը»։ Հոգևոր հովվի խոսքով, Վարդավառի տոնը հայտնի է 4–րդ դարից, այն համարվում է համաքրիստոնեական տոն, քանի որ հաստատված է Ավետարանով։ Տարբեր ժողովուրդներ Վարդավառը կարող են նշել տարբեր ծիսակարգով, այլ հագուստ կրելով, սակայն տոնի բուն խորհուրդը քրիստոնյա բոլոր եկեղեցիների համար նույնն է։

No comments: