Sunday, November 21, 2010

Հայաստանում կնշուի Վուդրո Վիլսոնի կազմած Իրաւարար վճռի 90-ամեայ տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 22-ին լրանում է ԱՄՆ 38-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի տնօրինությամբ կազմուած Իրաւարար վճիռ-քարտեզը միջազզայնորեն հաստատուելու 90-ամեակը: Իրաւարար վճիռը, որում նշուած է Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետութեանը վերադարձվելիք հայոց տարածքների չափը` 90 հազար քառ կմ-ից աւելի, պաշտօնապէս հաստատել են Սեւրի դաշնագիրը ստորագրած տասնեակից աւելի պետութիւններ:
Փաստաթղթի յոբելեանը նշելու նախաձեռնութեամբ հանդէս են եկել «ԱԻՄ», «Սահմանադրական միութիւն», Կոմունիստական միացեալ կուսակցութիւնները, «Մամիկոնեից Տարոնականների ուխտ» հանրային կառոյցը, Հայաստանի գրողների, նկարիչների, ճարտարապետների միութիւնները, գիտնականներ:

Ինչպէս նոյեմբերի 19-ի ասուլիսում նշեց «Մամիկոնեից Տարոնականների ուխտ»-ի ղեկավար Ռաֆայէլ Համբարձումեանը, նախօրէին Գիտութիւնների ազգային ակադեմիայի պատմութեան ինստիտուտը որոշում է ընդունել ստեղծել գիտական խումբ իրաւարար վճռի վերաբերեալ ուսումնասիրություններ կատարելու համար: Ռ.Համբարձումեանը, ով գլխաւորելու է այդ գիտական խումբը, նշեց, որ փաստաթուղթը ուսումնասիրուած չէ, բոլշեւիկներն ու թուրքերը ժամանակին թոյլ չեն տուել, որ այն ուսումնասիրուի: Փաստաթղթի յոբելեանը նշելու հարցով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին են դիմել նաեւ Հանրային խորհրդի ղեկավար Վազգէն Մանուկեանը եւ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրէն, թուրքագետ Ռուբէն Սաֆրաստեանը:

Հայաստանի գրողների միութեան նախագահ Լեւոն Անանեանի խօսքերով, նորանկախ պետութեան պայմաններում Հայաստանը պարտաւոր է տեր կանգնել, յանձնառու լինել, պատասխանատու լինել անցեալում չլուծուած հարցերի նկատմամբ: «Իրաւարար վճիռը մեզ տալիս է բոլոր այն կռուանները, որով մենք կարողանանք պատմութեանը նորովի անդրադառնալ»,- ասաց նա:

Փաստաթուղթը մոռացությունից վերադարձնելը նախաձեռնող կուսակցութիւններն ու անհատները 90-ամեայ տարեդարձի առթիւ առաջարկում են Երեւանում գումարել Խաղաղութեան ու համագործակցութեան միջազգային վեհաժողով եւ միջազգային գիտաժողով, իսկ Հայաստանի Հանրապետութեանը դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան` 1915-23թթ. Արմենոցիդ իրականացրած երկրին պատասխանատւութեան կանչելու, կողոպտուած գոյքի ու այլ արժէքների ծախսերը հատուցելու եւ հայ-թուրքական սահմանը ճշտելու հայցով: Նախաձեռնող խումբը նաեւ առաջարկում է ՀՀ ղեկավարութեանը հորդորել Ռուսաստանի Դաշնութեանը չեղեալ յայտարարել բոլշեւիկների կողմից 1921թ. մարտի 16-ին Մոսկուայում կնքուած Ռուս-թուրքական բարեկամութեան պայմանագիրը: «Պէտք է կնքուի Նախիջեւանին վերաբերող միջազգային նոր պայմանագիր»,- գտնում են նախաձեռնողները:

No comments: