Sunday, November 21, 2010

Հայկական արտադրանքի արտահանմանը նպաստող կայք է ստեղծվել

Tert.am. 20-11-2010- Արտադրության և արտահանման աջակցման նորաստեղծ ասոցիացիան www.arm3a.org կայքի միջոցով փորձելու է խթանել տեղական բիզնեսի զարգացումն ու արտադրանքի արտահանումը։ Նախագծի գաղափարը «IT park»-ինն է՝ ի դեմս տնօրեն Գագիկ Կարապետյանի։Այսօր հանրությանը ներկայացվեցին նորաստեղծ ասոցիացիայի ու կայքի գործունեությունն ու հիմնադրման նպատակները։
«Ասոցիացիայի նպատակը արտադրության արտահանմանն աջակցելն է։ Այս նախագիծը հնարավարություն կտա ստեղծել բիզնես ինկուբատորներ, օգնել, որ բիզնեսը կայանա և նորմալ աշխատի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Կարապետյանը։ Նրա կարծիքով՝ հայ արտադրողներն 99 տոկոսով իրենց բիզնեսի զարգացման համար պետք է մեծ նշանակություն տան արտահանմանը, հակառակ դեպքում բիզնեսի զարգացում չի ապահովվի։
Այս նախագիծը կաջակցի բոլոր ոլորտներում գործունեություն ծավալող ընկերություններին, հետաքրքիր մտահղացումներ ունեցող անհատներին, թեկուզ փոքր միջոցներով բիզնես հիմնողներին, ինչպես նաև աշխատանք փնտրող մարդկանց։ Կայքը նախատեսված է գործարարների, գիտնականների, գյուտարարների, մենեջերների և այլոց համար։
«Սա մեխանիզմ է, որը նաև ստեղծելու է բիզնես, բայց կյանքի չի կոչելու։ Ստեղծում ու մոնիթորինգ ենք իրականացնում՝ պարզելու համար՝ կյանքի կոչվում է այդ բիզնեսը, թե ոչ»,- նշեց մասնագետը։
Գագիկ Կարապետյանն ուսումնասիրել է ռուսական փորձը և համոզվել, որ նման նախագծերի իրականացումը հաջողված է։ Ռուսաստանում հիմնականում նանոտեխնոլոգիների ուղղությամբ են նման նախագծեր իրականացվում, սակայն մասնագետը գտնում է, որ Հայաստանում դեռ դրա ժամանակը չէ։ «Հասարակ բաներ կան, որ չեն արվել։ Ես շատ կարևորում եմ գյուղատնտեսության զարգացումը, քանի որ հասարակության լայն շերտեր են ներգրավված այդ գործում»,- ասաց նա։
Կայքում կարող են գրանցվել և ասոցիացիայի անդամ դառնալ վերոնշյալ ոլորտներում գործունեություն ծավալող անձինք։ Կայքի հեղինակները նշում են, որ այն վիրտուալ շփման և քննարկումներ ծավալելու լավագույն միջոց կհանդիսանա։

No comments: