Saturday, November 20, 2010

Թուրքիայում բերման են ենթարկել «ԳԱԼԱ»-ի աշխատակիցներին

Tert.am. 20-11-2010- Թուրքիայի Կարս քաղաքում աշխատող «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատանքային խումբը երեկ, ժամը 13-ին բերման է ենթարկվել տեղի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Քաղաքի նախկին հայաբնակ թաղամասերից մեկում նկարահանումներ կատարելու ժամանակ «ԳԱԼԱ»-ի աշխատակիցներին են մոտեցել քաղաքացիական հագուստով մի քանի ծառայողներ և արգելել նկարահանումները: Այնուհետև, 5 հոգուց բաղկացած խմբին ուղեկցել են ազգային անվտանգության բաժանմունք՝ փաստաթղթային ստուգումներ իրականացնելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք «ԳԱԼԱ»-ի տարածած հաղորդագրությունից։
«Ծառայության աշխատակիցները տեղեկացրել են, որ հեռուստաընկերության աշխատանքային խումբը, առանց համապատասխան կառույցների թույլտվության, իրավունք չունի նկարահանումներ կատարել Կարսում, և ընդհանրապես, Թուրքիայի Հանրապետության տարածքում: Հեռուստաընկերության աշխատակիցները հակադարձել են, որ թույլտվություն ստանալ հնարավոր չէր, քանի որ Բայրամ կոչվող իրենց տոնական օրերին պետական ատյաններում պատասխանատու որևէ անձի գտնելը փաստացի անհնար էր:
«ԳԱԼԱ»-ի աշխատախմբի անդամները (խմբի ղեկավար Կ.Հարությունյան, խմբագիր Է.Մխիթարյան, օպերատոր Տ. Գասաբյան, թարգմանիչ Հ. Ֆիլյան, վարորդ Ռ.Մարտիրոսյան) հրաժարվել են իրավապահներին հանձնել անձնագրերը և հայտնել են, որ ոտնահարվում են իրենց իրավունքները: Ազգային անվտանգության աշխատակիցները մի քանի հեռախոսազրույց են ունեցել իրենց վերադասի հետ, այնուհետև տեղեկացրել, որ տուգանք պետք է վճարվի: Նախ նշել են, որ մեկ անձի տուգանքի չափը 250 թուրքական լիրա է, այնուհետև, այսպես ասած «լավության կարգով» նույն գումարի չափը սահամանել են ամբողջ խմբի համար: Աշխատախմբի դժգոհություններին նրանք պատասխանել են բարի ժպիտով, թեյի հյուրասիրությամբ և «մեր օրենքի պահանջն է. ոչ մի դիտավորություն չկա» խոսքերով: Սակայն մի քանի նոր հեռախոսազանգից հետո, նրանք Հայաստանից ժամանած խմբին տեղեկացրել են, որ տուգանք չի լինի և իրենք պարտք ու պահանջ չունեն:
Ի դեպ, ազգային անվտանգության թուրք աշխատակիցները 5 րոպեով փաստաթղթային ստուգումներ կատարելու պատրվակով մոտ 1.5 ժամ խմբին պահել են բաժանմունքում: Խմբի անդամների պնդումներից հետո, որ իրենք պահվում են անհիմն, թուրք իրավապահները, ստուգելով «ԳԱԼԱ»-ի աշխատակիցների անձնագրային տվյալներն ու երկրի տարածք մուտք գործելու օրինականությունը, նրանց ազատ են արձակել՝ խնդրելով դադարեցնել հետագա նկարահանումները:
Հարկ է նշել, որ թուրք իրավապահների և «ԳԱԼԱ»-ի աշխատախմբի անցանկալի ընկերակցությունը տևել է մոտ 90 րոպե, որից հետո նկարահանող խումբը նրանց ուղեկցությամբ հեռացել է»,- ասվում է հաղորդագրությունում։

No comments: