Saturday, November 27, 2010

Բանակում իրավիճակը շտկելու համար պետք է վերականգնել խեղված արժեհամակարգը. Տիգրան Խզմալյան

Tert.am. 26-11-2010- ՄԻԺԻ գրասենյակում այսօր տեղի է ունեցել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային խորհրդարանի Ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նիստը։ Քննարկվել են ՀՀ Զինված ուժերում վերջերս տեղի ունեցած միջադեպերը։
Նախաձեռնության տարածած հաղորդագրության համաձայն՝ թեմայի շուրջ ելույթ է ունեցել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը, որն անդրադարձել է ՀՀ զիված ուժերում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած մահվան ելքով արտակարգ միջադեպին։ Նա կարծիք է հայտնել, որ այդ միջադեպերը բանակում առկա միջանձնային հարաբերությունների հետևանք են՝ խարսխված երկրում իշխող ռեժիմի կառավարման համակարգի վրա։ Վերջինս փաստել է, որ հայկական բանակը համալրվում է հիմնականում ժողովրդի անապահով խավի ընտանիքների զավակներով, ուստի այն արտացոլում է հոգեբանական, հասարակական և դասակարգային այն գործընթացները, որոնք առկա են հասարակության մեջ։ «Այնինչ հայկական բանակը պետք է ամրապնդվի ընտանիքից։ Ամուր ընտանիք՝ ամուր բանակ։ Եվ քանի որ բանակում գրեթե ամեն ինչ ոչնչացվել է, ուստի պետք է կարողանալ հայ ընտանիքներում վերկանգնել սրբությունները, խեղված արժեհամակարգը, որպեսզի իրավիճակը շտկվի»,– ասել է Խզմալյանը։
Գնահատելով բանակում տիրող իրավիճակը՝ նիստի մասնակիցները նշել են, որ բանակի ղեկավարությունը չունի անհրաժեշտ կամք շտկելու համար իրավիճակը, ցածր է սպայակազմի մասնագիտական ունակությունները և անբավարար՝ մարդկային որակները, բանակը առ այսօր հայ հասարակության առաջ փակ համակարգ է, չկա իրականում հասարակական օժանդակություն և վերահսկողություն, բանակի բարձրագույն հրամանատարական կազմը կոռումպացված է և բացակայում է անհրաժեշտ սոցիալական արդարությունը կրտսեր սպայական հրամանատարական կազմի և բանակի ղեկավար կազմի միջև, բանակում տեղ են գտել հանցագործ աշխարհի հասկացողություններ, որով հարաբերվում են զինծառայողները։ Նշվել է, որ ի սկզբանե բանակը ստեղծվել է սխալ արժեքային և կառավարման համակարգով, ինչը ուղղակի պրոյեկտումն է օտար զինված ուժերի։
Քննարկման մասնակիցները մի շարք առաջարկներ են արել, որոնց իրականացումը որոշակի առումով կնվազեցնի մահվան ելքով դեպքերն ու պատահարները, կբարելավի զինծառայողների միջանձնային հարաբերությունները։
Մասնավորապես նշվել է, որ բանակը պետք է ավելի բաց լինի հասարակության առջև։ Հասարակության միջամտությունը բանակում տիրող բարքերին, միջանձնային հարաբերություններին պետք է լինի օժանդակության և վերահսկողության գործառույթներով։ Սակայն իրավիճակում որակական փոփոխություն կարելի է ակնկալել միայն համակարգային լրջագույն փոփոխություններից հետո։

No comments: