Saturday, November 27, 2010

Չեմ ցանկանում խնդիրները շաղկապել միմյանց, սակայն հարկ է տեսնել ողջ պատկերը. Աբդուլլահ Գյուլ

Tert.am. 26-11-2010- Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը պետք է նայել կայունության, Կովկասում սառեցված հակամարտությունների կարգավորման տեսանկյունից, որովհետև սառեցված խնդիրները կարող են ամեն վայրկյան պայթել։ Այս մասին, թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ, Բեռնում Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյտարդի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։
Ընդգծելով, որ ոչ ոք չի անտեսելու ղարաբաղյան հիմնախնդիրը և «ադրբեջանական զբաղեցված տարածքների» հարցը՝ Աբդուլլահ Գյուլն ասել է. «Չեմ ցանկանում խնդիրները շաղկապել միմյանց, սակայն հարկ է տեսնել ողջ պատկերը»։
Շնորհակալություն հայտնելով Շվեյցարիային՝ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ունեցած ներդրման համար՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է.
«Հուսանք, որ առաջիկայում Կովկասում առկա խնդիրների կարգավորմանն ուղղված գործընթաց կմեկնարկի։ Մենք այդ հարցում վճռական ենք, որվհետև առկա ներկայիս փաստացի իրավիճակը որևէ մեկի շահերից չի բխում՝ ոչ Եվրոպայի և ոչ էլ Ասիայի։ Եթե Կովկասում շարունակվեն խնդիրները, ապա Կովկասը պատ կդառնա Եվրոպայի և Ասիայի միջև։ Իսկ եթե այդ խնդիրները լուծվեն, բոլոր պատնեշները կվերանան և հնարավորություն կստեղծվի ավելի շատ համագործակցության համար»։
Հիշեցնելով Թուրքիայի՝ Կովկասում կայունության և անվտանգության պլատֆորմ ստեղծելու առաջարկության մասին՝ Գյուլն ընդգծել է. «Բնականաբար, այդ հարցերը մեկ ակնթարթում չեն լուծվելու։ Անհրաժեշտ է համառություն ցուցաբերել։ Մենք համառորեն և վճռականորեն շարունակելու ենք աշխատել այդ խնդիրների լուծման համար»։

No comments: