Սահմանային զննման կետի շինարարությունը, որ մեկնարկել է 2007-ին, իրականացվել է «Թռչնագրիպի դեմ պայքարի» շրջանակներում և արժեցել 844,500 դոլար: Ծրագիրն իրականացվել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի միջոցով:
Այս անցակետը հնարավորություն կտա տեղում իրականացնել սննդամթերքի և կենդանի անասունների ցանկացած խմբաքանակի շարունակական զննում և ստուգում` նվազեցնելով վարակված խմբաքանակների ներմուծման հնարավորությունը Հայաստան:
«Սահմանային զննման այս անցակետը թույլ կտա նվազեցնել սննդամթերքի և կենդանիների զննման վրա ծախսվող ժամանակը, ինչն արվում էր Երևանում և կարող էր 4-5 օր տևել»,- նշեց շենքի բացման արարողությանը ներկա ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը:
Չնայած անցակետը դեռևս համալրված չէ անհրաժեշտ տեխնիկայով ու կահույքով, սակայն, ինչպես հավաստիացրեց նախարարը, ամեն ինչ պատրաստ է, և համապատասխան աշխատակազմը շուտով կտեղափոխվի Մեղրի` աշխատանքի անցնելու համար:
Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ժան Միշել Հեփփին էլ իր հերթին նկատեց, որ շինարարությունը լավ է կատարվել, ու դրամական միջոցները արդյունավետ են ծախսվել:
Չնայած դրան` Հեփփին նկատեց, որ շենքի սենյակները բավական փոքր են: Սակայն գյուղնախարարը հավաստիացրեց, որ շինության չափսերը համապատասխանում են Մեղրիի անցակետից Հայաստան ներմուծվող սննդամթերքի, բույսերի և կենդանիներին քանակին:
Սիրանույշ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԱրմենիաՆաուի» թղթակից

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment