Panorama.am. 1-11-2010- Դինքի սպանության գործի բացահայտումը խիստ մշուշոտ է, այն կբացահայտվի այնքան, ինչքան ձեռնտու է այս պահին Թուրքիայի իշխող կուսակցությանը: Այսօրվա ասուլիսում նման կարծիք հայտնեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, ով համարում է, որ Հրանտ Դինքը դարձել է Թուրքիայում հետևողականորեն իրականցվող ազգային փոքրամասնությունների դեմ ուղղված սպանությունների հերթական զոհ:Դինքի փաստաբանների զեկույցից նա տեղեկացել է, որ իրավապաշտպանները եկել են եզրակացության, որ եթե գործի բոլոր փուլերը չդիտարկվեն մեկ ամբողջություն, ապա այդ գործում օբյեկտիվ բացահայտումներ ակնկալել պետք չէ:
«Սակայն այսօր թուրքական իշխանությունները առանձնացրել են այդ բոլոր փուլերը և դրանք չեն դիտարկում որպես մեկ ամբողջություն»,-ասաց բանախոսը: Ինչ վերաբերում է Հրանտ Դինքին սպանողին որպես անչափահաս պատիժը կրելու խնդրին, ապա Մելքոնյանը դա սովորական երևույթ է համարում Թուրքիայի համար: Այստեղ հաճախ են կազմակերպված սպանությունները կատարվում անչափահասների ձեռքով, և այդ նպատակին են ծառայել տարբեր կուսակցությունների երիտթևերի ներկայացուցիչներ, որոնցից էր նաև Օգյուն Սամասթը:
«Մարդասպանը ի սկզբանե հերոսացվեց, բանտում նրան արտոնյալ պայմաններ տվեցին, անգամ նա հասցրեց ամուսնանալ բանտում, և վերջում որոշում կայացվեց մարդասպանին պատժել որպես անչափահաս, իսկ դա ենթադրում է, որ անչափահասը 5 տարով ավելի քիչ ազատազրկման կդատապարտվի, ցմահ ազատազրկում նրան չի սպառնում, որոշ ժամանակ անց նա կկարողանա ազատ արձակվել ու դասվել Թուրքիայի հերոսների շարքին»,-ասաց թուրքագետը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment