Իրանում հոկտեմբերի 25–ին մեկնարկած Մամուլի և լրատվական գործակալությունների միջազգային 17–րդ ցուցահանդեսին մասնակցող հայկական լրագրողական խումբը բոյկոտել է ցուցահանդեսը՝ ադրբեջանական պատվիրակության «վայրագ» պահվածքի պատճառով։ Իրանական ցուցահանդեսը փակվում է այսօր, սակայն հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչները երկու օր առաջ արդեն Երևան են վերադարձել՝ բոյկոտելով ցուցահանդեսը։Այսօր կայացած ասուլիսի ժամանակ Իրանում տեղի ունեցած միջադեպի մանրամասները պատմեցին այդ ցուցահանդեսում Հայաստանը ներկայացրած «Ազգ» օրաթերթի լրագրող Հասմիկ Հարությունյանն ու Panarmenian.net-ի լրագրող Եկատիրինա Պողոսյանը, ինչպես նաև այդ լրատվամիջոցների խմբագիրները։
Ինչպես պատմեցին հայ լրագրողները, ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներից սկսած ադրբեջանական ԶԼՄ-ները ներկայացնող պատվիրակության անդամները հայկական պատվիրակությանը սադրելու փորձեր են արել՝ մասնավորապես հարցնելով, թե ինչո՞ւ է վերջինս այդքան փոքր, ինչո՞ւ են պատվիրակության կազմում ընդգրկվել միայն աղջիկներ։ Հայ լրագրողները, սակայն, կարողացել են խուսափել բախումներից մինչև այն պահը, երբ ադրբեջանական պատվիրակության անդամ, «ԱՊԱ» գործակալության ներկայացուցիչը վայրենաբար ներխուժել է հայկական պատվիրակության տաղավար, պատռել Հայաստանի և Արցախի քարտեզն ու տարել այն։ Ադրբեջանցիներին հատկապես հունից հանել է այն հանգամանքը, որ հայկական տաղավարում փակցված է եղել Արցախի հայտնի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի լուսանկարը, ընդ որում՝ այն փակցվել է ցուցահանդեսի կազմակերպիչ իրանական կողմի ջանքերով։
Այս միջադեպից հետո իրանական կողմի ջանքերով հայկական տաղավարից հանվել է «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի լուսանկարը՝ պատճառաբանելով, թե իրենք հոգում են լրագրողների անվտանգությունը, չեն ցանկանում, որպեսզի վեճ ծագի ու իրենց կազմակերպած ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվի մի լուսանկար, որը ներկայացնում է հակամարտության գոտի։
Հայ լրագրողները վրդովվել ու իրենց բողոքն են հայտնել կազմակերպիչներին, պահանջել վերականգնել նկարը։ Նրանց տրված խոստումը, սակայն, չի կատարվել, ու լրագրողները որոշել են դադարեցնել իրենց մասնակցությունը ցուցահանդեսին ու վերադառնալ Երևան։
Լրագրողներին վճռական և համարձակ կեցվածքի համար գովեց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը՝ միաժամանակ նշելով, որ նման միջազգային միջոցառումներին հարկավոր է շատ ավելի պատրաստված ներկայանալ։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment