Tuesday, November 30, 2010

ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի պաշտոնյան կոչ է անում Wikileaks-ը դասել ահաբեկչական կազմակերպությունների շարքին

Tert.am. 29-11-2010- ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության կոնգրեսական և ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչ Պիտեր Քինգը կոչ է արել WikiLeaks–ը դասել ահաբեկչական կազմկերպությունների շարքին։
Ըստ Քինգի՝ տվյալ ռեսուրսը, որը երեկ հրապարակել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությանը պատկանող 250 հազար գաղտնի փաստաթղթեր, երկրի համար իրական սպառնալիք է ներկայացնում, հայտնում է BBC-ն։
«WikiLeaks–ը վարվում է այնպես, ինչպես վարվում են միայն ահաբեկիչները՝ խարխլելով ամերիկյան կառավարության հեղինակությունը, իրականացնելով չմտածված գործողություններ, որոնք կարող են արժենալ մարդկային կյանքեր։ Ես հասկանում եմ, որ այս ամենն արվում է ի նշան մեր քաղաքականության հանդեպ դժգոհության, սակայն այս քայլերը վտանգի են ենթարկում ամերիկացիների կյանքը, ինչպես նաև վտանգի են ենթարկվում մեր դաշնակիցներին»,– ասել է Քինգը և հավելել, որ իր համար գաղտնի տեղեկատվության հրապարակումը հավասարազոր է ահաբեկիչների հարձակման։
Պենտագոնում հայտնել են, որ արդեն սկսել են զբաղվել գերատեսչության համակարգչային համակարգերի անվտանգության ամրապնդմամբ, որպեսզի հետագայում կանխվի գաղտնի տեղեկատվության արտահոսքը։

No comments: