Thursday, January 27, 2011

Ո՞ՒՄ ԿԱՄՔՆ Է ԿԱՏԱՐՈՒՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ

«Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ կատարում է ոչ թե իր ժողովրդի, այլ դրսի կամքը: Խոսելով հայկական կողմից հնարավոր փոխզիջումների մասին, Սերժ Սարգսյանը նշել է, որ եթե «հարցնենք ղարաբաղցիներին եւ ընդհանրապես Հայաստանի բնակչությանը, ապա որեւէ մեկը, իհարկե, չի ցանկանա վերադարձնել որեւէ սանտիմետր տարածք»: Դրա հետ մեկտեղ նա հայտարարեց, որ փոխզիջումը անխուսափելի է. այլ կերպ ասած, ինչ որ «սանտիմետրեր» հանձնվելու են:
Երկրի նախագահն, ըստ Սահմանադրության, հանդիսանում է իր երկրի ժողովրդի շահերի եւ կամքի արտահայտողն ու երաշխավորը: Եվ եթե երկրում որեւէ քաղաքացի չի համարում, որ անհրաժեշտ է խոսել տարածքային զիջումների մասին, ո՞վ է ստիպում այդ բանն անել նախագահին: Ո՞ւմ կամքն է նա կատարում, եւ ինչո՞ւ չի կատարում սեփական քաղաքացիների կամքը:
«Ուզում եմ նաեւ ավելացնել, որ տարածքները, որոնք այժմ գտնվում են Ղարաբաղի բանակի հսկողության տակ, հանդիսանում են պարզապես ռազմական գործողությունների արդյունք, որոնք ղարաբաղցիները չեն սկսել», նշել է Սերժ Սարգսյանը: Ճիշտ է, նա չի հստակեցրել, թե հատկապես ինչ տարածքների մասին է խոսքը: Գուցե այն տարածքների, որտեղ այժմ տեղի է ունենում բնակեցման ակտիվ գործընթաց, որտեղ բնակեցվում են մարդիկ, նորոգվում են ենթակառուցվածքները, կառուցվում են տներ: Ինչ է պատասխանելու նա այդ մարդկանց, եթե Ադրբեջանը համաձայնի ինքնորոշման սկզբունքի հետ, եւ հարկ կլինի հանձնել այդ հողերը: Կարո՞ղ է արդյոք նա վերադարձնել Բաքվի իշխանությունից այդ մարդկանց բնակարանները Բաքվի կենտրոնում: Թե՞ Ադրբեջանի իշխանությունն իր քաղաքացիների շահը պաշտպանելու ավելի շատ իրավունք եւ ռեսուրս ունի:

Ի՞նչ շահով է առաջնորդվում Հայաստանի իշխանությունը, հայտարարելով այն մասին, որ մտադիր է գնալ իր քաղաքացիների կամքին հակառակ: Այդպիսի բան արվում է միայն վախի ազդեցության տակ, ոչ միայն իշխանության, այլ նաեւ կյանքի համար վախի ազդեցության տակ: Ակնհայտ է, որ զիջումների պատրաստակամության մասին հայտարարությունն արվել է Ռուսաստանի ճնշման ներքո, որին այժմ պետք է բարելավել հարաբերությունը Ադրբեջանի հետ ավելի ու ավելի հստակ ուրվագծվող Նաբուկկո նախագծի հեռանկարի ֆոնին: Արեւմուտքը մերժեց Ալիեւին Հայաստանի վրա ճնշում բանեցնելու հարցում, եւ Ռուսաստանը, թերեւս, որոշեց իր վրա վերցնել այդ դերը:

Մոսկվայում արտգործնախարարների հանդիպման ժամանակ, երեւի թե, Հայաստանին ասել են, որ եթե նա հայտարարի տարածքային զիջումների պատրաստակամության մասին, Բաքվի իշխանությունը գոհ կլինի: Ահա եւ հայտարարեց Սերժ Սարգսյանը, գուցե նույնիսկ ի զարմանս արեւմտյան գործընկերների:

«Ես պետք է արտահայտեմ իմ երախտագիտությունը Ռուսաստանի նախագահին, որ նա զբաղված է խաղաղ լուծումների ակտիվ որոնումով: Ռուսաստանը միանգամայն ունակ է զսպել թե սպառազինությունների մրցավազքը մեր տարածաշրջանում, թե ռազմական գործողությունների վերսկսումը: Այն պատճառով, որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում այդպիսի կշիռ, այդպիսի հնարավորություններ ունի, մենք շատ բան ենք սպասում նրանից», նշել է Սերժ Սարգսյանը:

Եթե նախագահն արտաքին ճնշման պատճառով ի զորու չէ իրականացնել իր ժողովրդի կամքը, նա պետք է այդ մասին բաց հայտարարի: Հնարավոր է, հանրային աջակցությունը կօգնի նրան դիմադրել արտաքին ճնշմանը, նույնիսկ եթե այդ ճնշման ներքո առկա է կյանքի սպառնալիք: Չէ՞ որ հասարակության կամքը չկատարելը նույնպես հղի է ծանր հետեւանքներով:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: