ՀՀ պաշտպանության նախարարությունում, Հայոց բանակի կազմավորման 19- ամյակի կապակցությամբ, այսօր կառավարական և գերատեսչական պարգևների հանձնման արարողություն տեղի ունեցավ։ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայրենիքին մատուցած ծառայությունների համար տարբեր մեդալներով են պարգևատրվել ոլորտի մի շարք աշխատակիցներ և ազատամարտիկներ։ Պարգևներն այսօր հասցեատերերին հանձնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։Պաշտպանության նախարարի, ՀՀ գլխավոր դատախազի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի, ոստիկանապետի և արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով նույնպես ոլորտի մի շարք աշխատակիցների պարգևներ հանձնվեցին։
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ու արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը տոնի առթիվ Սեյրան Օհանյանին թանկարժեք նվերներ էին բերել։
«Պատմությանը շատ քիչ դեպքեր են հայտնի, երբ ազգային բանակի կազմավորումն ընթացել է պատերազմին զուգընթաց։ Ապագայի պատմագիրներին թերևս անհասականալի կլինի, թե ինչ ուժ, կորով և հավատ պետք է ունենար մեր սերունդը, որ շրջափակման պայմաններում, կաթվածահար տնտեսության, ցրտի ու խավարի մեջ կարողանար Հայաստանի սահմաններում և Արցախում կենաց-մահու պատերազմ մղել սպառազինությամբ ու թվաքանակով իրեն մի քանի անգամ գերազանցող թշնամու դեմ ու, միաժամանակ, կազմավորեր կանոնավոր բանակ»,- իր ելույթում նշեց պաշտպանության նախարարը։
Ըստ նրա՝ պատմությունը վկայել է, որ բոլոր ժամանակներում, երբ միասնական է եղել Հայոց բանակը, այն անպարտելի է եղել։ Եվ հակառակը, պատմության այն փուլերում, երբ մեր ժողովուրդը համախմբված չի եղել, մենք պատժվել ենք և պատժվել դաժանորեն։ «Սա մի դաս է, որ մենք պետք է սովորենք մեր անցյալից։ Իզուր չէ ասված՝ նա ով չի հիշում իր անցյալը, դատապարտված է այն նորից վերապրելու»,- ընդգծեց նախարարը։
Հաղթելով արցախյան պատերազմում, ըստ Սեյրան Օհանյանի, մենք վերահաստատեցինք մեր ժողովրդի արժանի տեղն ազգերի ընտանիքի մեջ։
«2011թ.-ը հոբելյանական է մեր ժողովրդի համար. լրանում է ՀՀ երրորդ հանրապետության հռչակման 20-րդ տարեդարձը։ Անցած 20 տարիները դյուրին չեն եղեկ հայկական նորաստեղծ պետության և ժողովրդի համար։ Այս բոլոր տարիներին պետականության կերտման, ժողովրդի ստեղծագործ աշխատանքի, հայրենիքի սահմանների պաշտպանության դիրքերում կանգնած են եղել մեր զինված ուժերը։ Հայ զինվորականությունը պարտք ունի իր ժողովրդի հանդեպ և իր առաքելությունը շարունակելու է հավատարմորեն կատարել»,- ասաց նախարարը։
Ըստ նրա՝ Հայկական բանակն իր կենսագրության երկրորդ տասնմյակն ավարտում է որպես տարածաշրջանի մարտունակ բանակներից մեկը՝ համալրված ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով։
Թեև ձեռքբերումերն ակնառու են, բայց, ըստ նախարարի, մենք ձեռք բերածով բավարարվելու իրավունք չունենք։ Բանակի հզորացման, մարտունակության բարձրացման գործընթացը միայն սկիզբ ունի և, եթե չենք ցանկանում զգալ պարտության դառնությունը, չենք ցանկանում մարդկային ու տարածքային կորուստներ ունենալ, ապա մեզ համար այն ավարտ չպետք է ունենա։
«Մեր երկրի առջև այսօր էլ ներքին և արտաքին լրջագույն մարտահրավերներ են ծառացած։ Ադրբեջանն անցած տարիների ընթացքում, ուշքի գալով կրած պարտությունից, արդիականացնելով իր զինված ուժերը, առիթը բաց չի թողնում Հայաստանին սպառնալու նոր պատերազմով։ Հրադադարի ռեժիմի խախտումներով և դիվերսիոն գործողություններով թշնամին շարունակ փորձում է մեր զգոնությունը։ Մինչ այսօր արձանագրված այդ ոտնձգություններն արժանի հակահարված են ստացել։ Եվ չի բացառվում, որ նոր, էլ ավելի ստոր ոտնձգություններ ու սադրանքներ նախաձեռնվեն»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով ՝ այս ամենը պարտավորեցնում է մեզ ավելի սթափ լինել։
«Եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը կլինի կործանարար ու վերջինը»,- թշնամուն խոստացավ նախարարը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment