Thursday, January 27, 2011

ՄԵՐ ԱՆՈՒՆՆ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ

«Լրագիր» 27-1-2011- Հայրենասիրությունն այնքան փխրուն և ոչ հստակ սահմանում ունի, որ դրա բաղադրիչների վերլուծությունը հղի է նիհիլիզմով կամ բացահայտ աչքակապությամբ: Սակայն այդ բաղադրիչները Հայաստանում դարձել են իրականությունից առավել և վերլուծությունից դուրս: Դրանք են.
1. Մեծ Եղեռն
2. Առաքելական եկեղեցին
3. Բանակը
Ընդ որում, երեքն էլ ի վերուստ մեզանում անքննելի են Տիրոջ գործերի պես: Հայական բանակը պատմականորեն հանդես է գալիս իբրև Ավարայրից եկող բարոյական հաղթանակի դրոշը պարզած այրուձի, որը մարտնչում է փղերի դեմ /անկեղծ ասած, ավելի ռացիոնալ էր թվում չանել այդ անխոհեմ քայլը,բայց ինչևէ/:

Բարոյական հաղթանակների պատրանքներից մեզ հանեց Ղարաբաղյան պատերազմը, որտեղ մենք տարանք իրական հաղթանակ` պարզապես չունենալով բանակ: Այդ բանակը տենդագին կազմվում էր պատերազմի ընթացքում, կամավորներից, սովետական բանակի կադրային սպաներից, ուղղակի հայրենասեր տղաներից և կազմավորվելուն զուգահեռ հաղթում:

Սակայն իրական հաղթանակը շանսից ավանդույթ դառնալու համար պետք է ունենա հենասյուն` կամ դրամական, կամ ինստիտուցիոնալ, կամ գաղափարական /իհարկե, ցանկալի է բոլորը միասին/: Բռնապետական Պրուսիայում միակ դեմոկրատական ինստիտուտը համընդհանուր զորահավաքն էր: Դեմոկրատական Ամերիկայում միակ գաղափարական ռեսուրսը ամերիկյան առաքելություն էր: Իսկ չկողմնորոշված Ռուսաստանում ռեսուրսը ռուսական տարերային հայրենասիրությունն է:

Հայկական բանակը ներկա պահին զրկված է բոլոր ռեսուրսներից: Զորակոչը խտրականության ամենացայտուն մոդելն է, որովհետև եթե սոցիալական մանր-մունր և խոշոր հարցերում լուծելի է թեկուզ և արտագաղթի միջոցով, ապա բանակում արտագաղթը գոնե երկու տարով բացառված է: Աստիճանական հոգևոր ինքնասպանությունը, որ աննկատ անցնում է հասարակության մեջ, բանակում դառնում է ցայտուն ֆիզիկական սպանություն և ինքնասպանություն:

Միևնույն ժամանակ, սա այն բանակն է, որից իշխանությունն ունի ակնկալիք, որը ենթադրաբար պետք է մասնակցի ռազմական գործողությունների, քանզի մենք գտնվում ենք հարաբերական խաղաղության մեջ: Զինվորը, որը բանակային առօրյայի ընթացքում պիտի վախենա սեփական կյանքի համար, ի զորու չէ մտածել հայրենիքի մասին և պաշտպանել այն:

Սխալ մտայնություն է, որ սոցիալական արդարությունը, ազատությունը և հայրենասիրությունն իրար հետ կապ չունեն. Դա բերում է նրան, որ մարդիկ ստիպված են սիրել և պաշտպանել այն հայրենիքը, որ իրենց չի սիրում և չի պաշտպանում: Ըստ հոգեբանների, ցանկացած կրկնվող հակասություն բերում է ճգնաժամի, որն ավարտվում է կամ բռնությամբ, կամ ինքնասպանությամբ: Ինքնասպանությունները մենք արդեն ունենք, իսկ բռնությունը… կարող ենք արդյոք մենք բոլորս վստահ լինենք, որ բռնության ալիքը կուղղվի հենց թշնամու դեմ:

Հիմա էլ մեզ ասում են “բանակի վրա ցեխ մի շպրտեք. դրանից կօգտվի թշնամին”: Ցանկացած խելամիտ թշնամի օգտվում է միայն “բարի կամեցողների” հանցավոր լռությունից:

ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆ

No comments: