Friday, January 28, 2011

Հնարավոր է՝ Գյուլն անձնական վերահսկողության տակ վերցնի Դինքի սպանության գործը

Tert.am. 27-1-2011- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նախօրեին Ստրասբուրգում, որտեղ նա գտնվում էր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանին ելույթ ունենալու նպատակով, հանդիպել է թուրք լրագրողների հետ։
Թուրքական Cumhuriyet («Ջումհուրիյեթ») պարբերականի տեղեկացմամբ՝ Գյուլը պատասխանել է նաև լրագրողների՝ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի ընթացի վերաբերյալ հարցերին։
Ընդգծելով, որ ինքը թույլ չի տա, որպեսզի թերություններ արձանագրվեն դատական համակարգում, Գյուլը հայտարարել է, որ Թուրքիա վերադառնալուն պես Դինքի սպանության գործի առնչությամբ տեսակցելու է նախագահին կից գործող Վերահսկիչ պալատի նախագահ Ջեմիլ Բոյալըի հետ։
«Ես նրան կհարցնեմ, թե արդյոք Դինքի գործը հնարավոր է տեղ գտնի իրենց իրավասությունների շրջանակում։ Եթե հնարավոր է անել մի բան, ապա ես չեմ վարանի… Մյուս կողմից, եթե թերություններ են արձանագրվում դատական համակարգում, դա ուղղակի խայտառակություն է»,– ասել է Գյուլը՝ ընդգծելով, որ պետք է ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը նման իրադարձությունների կրկնությունը կանխելու համար։
Երբ լրագրողները հիշեցրել են Գյուլի մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից՝ Դինքի ընտանիքի հայցի առնչությամբ թուրքական իշխանությունների դեմ կայացրած որոշումը, Գյուլն ասել է, թե դա իրենց պատիվ չի բերում։
«Մենք չկարողացանք պաշտպանել մեր քաղաքացուն, ինչի համար ամոթ եմ զգում»,– նշել է Թուրքիայի նախագահը։

No comments: