Friday, May 6, 2011

Ադրբեջանը չի հավատում, որ Վրաստանը կարող է իրեն վնասել

Tert.am. 6-5-2011- Ադրբեջանի իշխող կուսակցությունը չի հավատում, որ Վրաստանի իշխանությունները մտադրություններ ունեն լարվածություն առաջացնել Ադրբեջանում։
Ինչպես հաղորդում է «kavkaz online»-ը, ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք է հայտնել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը՝ պատասխանելով ԶԼՄ-ների տարածած այն լուրերին, որ Վրաստանը ԱՄՆ-ի աջակցությամբ փորձում է սրել իրադրությունը Ադրբեջանում։
«Շատ դժվար է հավատալ, որ Վրաստանի կառավարությունը ցանկանում է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում լարվածություն հրահրելու համար»,- ասել է Ահմեդովը և ավելացրել, որ «Ադրբեջանի կառավարության և Վրաստանի պաշտոնական շրջանակների միջև հաստատվել են բավականին ջերմ և անկեղծ հարաբերություններ»։
Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը իր հերթին ԶԼՄ-ների տարածած այդ լուրերը որակել է որպես «զառանցանք»։
«Դա այնքան հիմար և զառանցանքի նման հայտարարություն է, որ դեսպանատունը անգամ հարկ չի համարում մեկնաբանել»,- ասել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Բեկա Չխիձեն։
Մի քանի օր առաջ ԶԼՄ-ները լուրեր էին տարածել, որ Բաքվում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան և Վրաստանի նախագահ Միխեել Սաակաշվիլին Թբիլիսիում հանդիպում են ունեցել, որի շրջանակներում քննարկել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին տապալելու սցենարները։

No comments: