News.am. 6-5-2011- Պատասխանատու անձինք եւ փորձագետները զարմանքով են արձագանքել ընդդիմադիր թերթերից մեկի հրապարակմանը, թե ՄԱԳԱՏԷ-ի հովանու ներքո գործող OSART-ի (Operational Safety Review Team - «Շահագործման անվտանգության դիտարկման խմբի») աշխատանքային խմբի նախատեսվող այցը Հայաստան կարող է տխուր հետեւանքներ ունենալ Մեծամորի ԱԷԿ-ի համար, նույնիսկ հանգեցնել դրա փակմանը:Հիշեցնենք, որ թերթերից մեկը, հղում անելով Էներգետիկայի նախարարությունում իր աղբյուրներին, պնդում էր, որ OSART-ի այցերն ամենուր ավարտվում են ատոմակայանների կամ դրանց առանձին բլոկների փակումով:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը հայտնեց, որ OSART-ի խմբին հայկական կողմն է հրավիրել: Ընդ որում գործող մեխանիզմը ենթադրում է, որ հրավերը պետք է ուղարկվի առնվազն մեկ տարի առաջ, որպեսզի անկախ միջազգային փորձագետները կարողանան նախապես մանրակրկիտ ծանոթանալ տվյալ ԱԷԿ-ի աշխատանքի առանձնահատկություններին:
OSART-ի աշխատանքային խումբը Հայաստանում կլինի մայիսի 16-ից հունիսի 2-ը: Կազմում ընդգրկված են 12 փորձագետներ: Աշխատանքն ավարտելուց հետո նրանք առաջարակներ կանեն Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման բարելավման ուղղությամբ:
«Ստուգումները կանցկացվեն ութ ուղղություններով, այդ թվում անվտանգության, անձնակազմի աշխատանքի, պատրաստության եւ վերապատրաստման, արտակարգ իրավիճակներին պատրաստ լինելու ուղղությամբ», - հայտնեց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:
Այս տարի նմանատիպ այցեր OSART-ի փորձագետները կկատարեն նաեւ Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Հարավային Աֆրիկա, ԱՄՆ-ը, Չեխիա եւ Բրազիլիա:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հետաքրքիր կողմի վրա ուշադրություն հրավիրեց «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը:
Նա կարծում է, որ միջազգային փորձագետների առաջիկա այցը Հայաստանին թույլ կտա պատասխան տալ Թուրքիայի եւ Ադրբեջանի այն պնդումներին, թե Հայկական ատոմակայանի շահագործումը վտանգ է ներկայացնում:
«Եվ, առաջին հերթին, նախքան ատոմակայանի փակումը պահանջելը այդ երկու պետությունները պետք է վերացնեն Հայաստանի շրջափակումը` հնարավորություն տալով վառելիք ստանալ: Մենք արդեն տեսել ենք ԱԷԿ-ի փակման հետեւանքները 1989 թվականին: Այն անդառնալի վնաս հասցրեց Հայաստանի շրջակա միջավայրին: Ինչ վերաբերում է ատոմակայաններին ընդհանրապես, ապա Ճապոնիայի փորձը ցույց տվեց, որ ամբողջությամբ բացառել աղետները հնարավոր չէ նույնիսկ նորագույն տեխնոլոգիաների կիրառման դեպքում», - նշեց անկախ փորձագետը:
Կարինե Դանիելյանը նաեւ նկատեց, որ «Ֆուկուսիմայի» վթարից հետո ամբողջ աշխարհում ստուգվում են ատոմակայանները եւ միջազգային փորձագետների առաջիկա այցը Հայաստան կարելի է միայն ողջունել. այն կօգնի հայտանբերել հնարավոր բացթողումներն ու վերացնել դրանք:
Այսպիսով, մայիսի 16-ին սկսվող OSART-ի աշխատանքային խմբի այցն ունի միայն կանխարգելիչ նպատակներ` հայկական կողմին տալ խորհուրդներ, որոնք կարող են օգտակար լինել Մեծամորի ԱԷԿ-ի հետագա շահագործմանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment