Wednesday, July 13, 2011

Հայաստանի գործողությունները հակասում են բանակցությունների ոգուն. Ալիև

Tert.am. 12-7-2011- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ վերջին օրերին Հայաստանի գործողությունները՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ, անհասկանալի են և հակասում են բանակցությունների ոգուն:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների դովիլյան հայտարարությանը՝ Ալիևն ասել է, որ այն հուսադրող է:
«Այդ հայտարարությունում որպես հիմք է վերցված Հելսինկյան եզրափակիչ ակտը, դրանում հատուկ ընդգծվում է ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտությունը: Իսկ այդ դեպքում ադրբեջանական հողերը պետք է ազատագրվեն օկուպացիայից»,-ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանն արդեն 20 տարի է՝ չի ցանկանում փոխել ստատուս քվոն:
Ալիևն ընդգծել է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրներն ակտիվացրել են հակամարտության լուծմանն ուղղված գործողությունները և հայտնել, որ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները սկզբում ընթացել են փարիզյան, իսկ հետո՝ մադրիդյան սկզբունքներով:
Շարունակելով ղարաբաղյան թեման՝ Ալիևն ասել է, որ 2009-ին համանախագահները կողմերին առաջարկել են մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը, որը Ադրբեջանը Սոչիում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հանդիպման ժամանակ միանշանակորեն ընդունել է, իսկ Հայաստանը տարբեր միջոցներով խուսափում է դրանց ընդունումից, հաղորդում է 1news.az-ը:
Վերջում Ալիևը հայտարարել է, որ վերջին տարիներին միջազգային հանրության ակտիվացման հիմնական պատճառներից մեկը Ադրբեջանի բանակի հզորացումն է՝ հավելելով, որ իր երկիրը ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ կարգավորմամբ ամենահետաքրքրված կողմն է:

No comments: