Wednesday, July 13, 2011

Հայաստանի և Իրանի քաղաքացիները լրտեսել են հօգուտ Ադրբեջանի

Tert.am. 12-7-2011- Օրինական ուժի մեջ է մտել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010թ. հոկտեմբերի 25-ի դատավճիռը, ըստ որի ամբաստանյալներ ՀՀ քաղաքացի Գ. Հայրապետյանը և ԻԻՀ քաղաքացի Բ. Բաղերին հանցավոր են ճանաչվել համապատասխանաբար լրտեսության ձևով պետական դավաճանություն և օտարերկրյա քաղաքացու կողմից լրտեսություն կատարելու համար: Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազության պաշտոնական կայքից
Դատարանը ապացուցված էր համարել մեղադրող դատախազների ներկայացրած ապացույցներն առ այն, Գ. Հայրապետյանը, հավաքագրվելով ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ստացած առաջադրանքի հիման վրա, հավաքել և նրանց է փոխանցել գաղտնի տեղեկություններ ՀՀ զինված ուժերի մարտունակության և պաշտպանունակության վերաբերյալ, ինչպես նաև որոշակի տեսանյութեր՝ հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով:
Ադրբեջանական հատուկ ծառայություններից վերջին հանձնարարությունը Գ.Հայրապետյանը ստացել է 2009 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի, ազգությամբ ազերի Բ. Բաղերիից, իսկ որպես հանդիպման նշանաբան ծառայել է Գ.Հայրապետյանին ծանոթ՝ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցի լուսանկարը: Գ.Հայրապետյանը Բ.Բաղերիին հյուրընկալել է իր տանը և, ծրարով ստանալով հերթական առաջադրանքը, նրան հանձնել նյութեր, որոնք կարող էին օգտագործվել հակահայկական քարոզչություն ծավալելու համար, ինչը հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Մեղրիի «Կարչևան» սահմանային անցակետում կատարված ստուգման ժամանակ՝ Բաղերիի պայուսակի ստորին մասի տակդիրում հարմարեցված գաղտնարանից:
Նախաքննության ընթացքում Գ. Հայրապետյանի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է նաև հրազեն և ռազմամթերք:
Դատարանը հիմնավորված համարելով ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը՝ Գ.Հայրապետյանին դատապարտել էր 12 տարվա ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսության ձեւով պետական դավաճանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել ու պահել), իսկ Բ. Բաղերիին՝ 10 տարվա ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով (լրտեսություն, որը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կողմից):

No comments: