Tert.am. 27-6-2011- Թուրքիայում հայտնաբերվել է Հիսուս Քրիստոսի 12 առաքյալներից Սուրբ Փիլիպոսի գերեզմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, հայտարարել է իտալացի պրոֆեսոր Ֆրանչեսկո դ'Անդրիան, ով 32 տարի շարունակ գլխավորում է հնագիտական պեղումները:Նշելով, որ մոտ 2000 տարի առաջ քրիստոնեություն տարածելու համար հռոմեացիների կողմից սպանված Սբ. Փիլիպոսի գերեզմանը հայտնաբերվել է Հիերապոլիս (Փամուքքալե) անտիկ քաղաքում, իտալացի պրոֆեսորն ասել է. «Սբ. Փիլիպոսը, ով հիշատակվում է Ավետարանում, շատ մեծ նշանակություն ունի քրիստոնյա աշխարհի համար: Նրա գերեզմանի հայտնաբերումը ողջ աշխարհում մեծ աղմուկ է բարձրացնելու»:
Խոսելով իրենց իրականացրած պեղումների մասին` պրոֆեսոր դ’Անդրիան ասել է, որ իրենք տարիներ շարունակ բոլորովին այլ վայրում էին փնտրում Սբ. Փիլիպոսի գերեզմանը:
«Քրիստոսի 12 առաքյալներից Սբ. Փիլիպոսը համարվում է նահատակ: Այդ պատճառով նրա պատվին Նահատակների բլրի վրա կառուցված եկեղեցին կոչվում է Մարտիրոս: Հնագետները երկար տարիներ կարծում էին, թե Սբ. Փիլիպոսի գերեզմանը գտնվում է հենց այդ եկեղեցում: Սակայն պեղումների ժամանակ այդտեղ գերեզման չի հայտնաբերվել: Մեկ ամիս առաջ այդ եկեղեցուց 40 մ հեռավորության վրա մեկ այլ եկեղեցու հետք գտանք: Իսկ երբ սկսեցինք պեղումները, գտանք Սբ. Փիլիպոսի գերեզմանը, որն առայժմ չենք բացել: Սակայն կբացենք առաջիկայում»,- ասել է իտալացի պրոֆեսորը` նշելով, որ գերեզմանը ողջ քրիստոնեկան աշխարհի համար դառնալու է ուխտատեղի:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment