Գրեթե անկասկած է, որ այսպես ասած ոչ երիտասարդ սպայակազմը մի կողմից թե սպառել է իրեն եւ այլեւս արդիականացման քաղաքականության կրող չի կարող լինել (կան իհարկե շատ բացառություններ, բայց դրանք ընդհանուր ֆոնին որակ չեն կազմում սակավաթիվ լինելու պատճառով), թե նույնիսսկ հանդիսանում է հենց արդիականացման գործընթացի գլխավոր եւ առանցքային խոչընդոտներից մեկը, էլ չասած այն մասին, որ նաեւ հենց այդ սպայակազմն է, որ տարիների իր մեղմ ասած անփույթ, իսկ շատ դեպքերում էլ հանցավոր գործունեությամբ հայկական բանակում առկա իրավիճակը հասցրել է դեգրադացման կրիտիկական աստիճանի:
Այդ մասին Lragir.am-ում բավական հստակ եւ հանգամանալից գրել էր Արմեն Հովհաննիսյանը, իր Հայկական բանակը հայկական չէ հոդվածում: Երիտասարդ սպաների համար թերեւս առավել արժեքավոր կլիներ հենց այդ հոդվածը, եւ թերեւս շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե Սերժ Սարգսյանն ասենք այդ հոդվածն ընթերցեր նրանց առաջ, իր ելույթի փոխարեն:
Ու թվում է, թե ավելացնելու բան այլեւս չկա: Բայց ուզում եմ անել մի դիտարկում, որը համառոտ կերպով արել եմ հոդվածի ներքո մեկնաբանությունների դաշտում: Անվիճելի է, որ հայկական զինուժն իր արժեհամակարգային առանցքում հայկական չէ, ու անվիճելի է, որ անկախության տարիների ընթացքում կարծես թե այդպիսի հիմնարար խնդիր երկրի քաղաքական ու ռազմական էլիտա կոչվածն իր առաջ չի էլ դրել: Փոխարենը, հայկական զինուժը դարձել է մի խառնածին կառույց, որի արժեքային հիմքը սովետական է, հավելումը` քրեահայկական, իսկ ձեւը փորձում են դարձնել ՆԱՏՕ-ական: Ահա այդ իմաստով, կա հայկական զինուժը “հայկականացնելու” կենսական անհրաժեշտություն, ինչի մասին իրավացիորեն նշում է Արմեն Հովհաննիսյանը:
Բայց, խնդիրն այստեղ այն է, թե ինչ ենք մենք նկատի ունենում հայկական ասելով: Որն է այն հայկականը, ինչի կրողը որ պետք է դառնա մեր զինուժը: Ի վերջո, այն հայկականը, որ կա հիմա, դա լիովին արտացոլված է բանակում, եւ զինուժը հենց այդ հայկականի գրեթե լիարժեք կրողն է, նույնիսկ գեներացնողը: Հետեւաբար, խնդիրն անշուշտ ավելի գլոբալ է եւ պահանջում է այդ հայկականի նախ ձեւակերպում, հետո ձեւավորում պետական եւ հասարակական կարգի մասշտաբով:
Այո, հայկական բանակը հայկական չէ: Որովհետեւ հայկական չէ նաեւ պետությունը: Այդ պետությունն էլ հիմքով սովետական է, բնույթով` քրեահայկական, իսկ ձեւով` այսպես ասած ժողովրդավարական: Ընդ որում, այս դեպքում անտեղի կլինի հղում անել պատմական հայկական արժեքների վրա, որովհետեւ ներկայում մենք ապրում ենք բոլորովին այլ աշխարհաքաղաքական եւ համամարդկային միջավայրում, տեխնոլոգիական բոլորովին այլ հագեցածությամբ եւ դինամիկայով լի աշխարհում, որտեղ եթե անգամ փորձենք կայանալ պատմական արժեհամակարգային հիմքով, միեւնույն է, այն պետք է ենթարկվի կապիտալ վերանայման եւ ժամանակակից պայմաններին ադապտացվելու լուրջ գործընթաց անցնի: Չլինի ժամանակակից, մրցունակ հայկական պետություն, չի լինի մարտունակ եւ հեռանկարային հայկական բանակ:
Եվ ոչ միայն բանակ, այլ ցանկացած այլ պետական եւ հանրային համակարգ: Հայաստանում ներկայում հնարավոր չէ գտնել հայկական այդպիսի որեւէ համակարգ: Բոլոր համակարգերի հիմքում խորհրդա-ռուսական ազդեցությունն է, իսկ նրանցից որոշների արտաքինն էլ փորձ է արվում պատել արեւմտյանով, ինտեգրացիայի անվան տակ:
Ինտեգրացիան իհարկե չափազանց կարեւոր գործընթաց է, որ պետք է տեղի ունենա: Բայց ինտեգրվել կարող է միայն գոյություն ունեցող բանը: Այսինքն, նախ պետք է մերը, հենց այդ հայկականը ձեւավորենք, որ հետո այն ինտեգրվի համաշխարհայինին, եւ որ այդ ինտեգրումը հավասարազոր չլինի ինքնաոչնչացման: Ավելին, միայն հայկականի ձեւակերպման եւ ձեւավորման դեպքում է հնարավոր իրական ինտեգրացիա համաշխարհայինի հետ: Հակառակը, լավագույն դեպքում, ստացվում է անպտուղ գրանտակերություն, որը չի հանգեցնում ինտեգրացիայի գաղափարը վարկաբեկելուց կամ իմաստազրկելուց բացի որեւէ այլ բանի:
Անշուշտ, կա նաեւ հակառակ ճանապարհը, երբ արդիական հայկական պետական համակարգ կարող է ձեւակերպվել եւ ձեւավորվել այդպիսի հանրային լոկալ համակարգերի ստեղծման դեպքում: Դա եւս տարբերակ է, թեեւ առավել երկարատեւ տարբերակ:
Բայց բանակի դեպքում դա թերեւս կենսունակ չէ, որովհետեւ բանակաշինության մենաշնորհն այդուհանդերձ քաղաքական ու ռազմական էլիտաներինն է, ու հասարակությունն այդտեղ ունի շատ միջնորդավորված մասնակցություն, հատկապես ժողովրդավարական վերահսկողության ավանդույթներից զուրկ պետություններում, ինչպիսին Հայաստանն է: Ու այստեղ այդ էլիտա կոչվածը պետք է իր առաջ դնի հայկական պետություն ստեղծելու նպատակ կամ խնդիր, որպեսզի այդ գործընթացում ներառվի նաեւ բանակի վերափոխումն ու արդիականացումը, որպես պետական համակարգի կարեւորագույն բաղադրիչ:
Ի վերջո, առաջնայինը պետությունն է, իսկ այդ կարեւոր համակարգերն ընդամենը պետական կյանքն արդյունավետ սպասարկելու միջոց: Բայց հայաստանյան էլիտաները պետական կյանքը նույնականացրել են իրենց անձնական կյանքի, միայն իրենց ու իրենց հարազատների անձնական կյանքի հետ, դրա հարմարավետության, նյութական գերապահովվածության հետ: Հետեւաբար, տրամաբանական է, որ պետական կյանքը սպասարկելու կոչված կարեւորագույն համակարգերը ինքնաբերաբար սպասարկում են այդ էլիտաների եւ նրանց հարազատների անձնական կյանքը, բարեկեցությունը, անվտանգությունը, պետության համար վերածվելով սպառնալիքի:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment