Wednesday, July 13, 2011

Թուրքիայի ՍԴ-ն ուժի մեջ թողեց ցեղապաշտական օրենքը. հայերն իրավունք չունեն կրել հայկական ազգանուններ

Tert.am. 13-7-2011- Թուրքիայի Սահմանադրական դատարանը երկրի Մայր օրենքին համապատասխան է համարել և ուժի մեջ թողել 1934թ. ընդունված օրենքը, որի համաձայն Թուրքիայի քաղաքացիներն իրավունք չունեն կրել օտար ազգանուններ: Այս մասին տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը` նշելով, որ այդ «ցեղապաշտական» օրենքն արգելում է հայերին, քրդերին, ասորիներին, չերքեզներին և հրեաներին կրել իրենց ազգային ազգանունները:
«Ֆըրաթի» տեղեկացմամբ` ազգությամբ ասորի Ֆավլուս Այը իր անուն ու ազգանունը փոխելու և Պաուլուս Բարթումա դարձնելու համար հայց էր ներկայացրել Միդյաթի դատարան: Սակայն դատարանը, հիմք ընդունելով 1934թ. ազգանունների մասին օրենքը, որի համաձայն` արգելվում է կրել օտար ծագում ունեցող ազգանուններ, մերժել էր Ային վերցնել ասորական Բարթումա ազգանունը:
Ֆավլուս Այը Միդյաթի դատարանից պահանջել էր կայացված որոշումը չեղյալ հայտարարելու համար դիմել Սահմանադրական դատարան:
Իր դիմումում ասորի քաղաքացին նշել էր, որ 1934թ. ի վեր գործող ազգանունների մասին օրենքը խոչընդոտում է ոչ թուրքական ծագում ունեցող ազգանուններ կրելուն, որը ազգային խտրականություն է: Այը, ուշադրություն հրավիրելով Սահմանադրությամբ ամրագրված հավասարության մասին սկզբունքին, ընդգծել էր, որ թուրքերենի և թուրքական արմատ ունեցող ազգանունների նկատմամբ արտոնյալ վերաբերմունքը բացահայտորեն հակասում է հավասարության սկզբունքին:
Սահմանադրական դատարանի բոլոր 9-ը անդամները դեմ էին քվեարկել Ֆավլուս Այի` Միդյաթի դատարանի որոշումը չեղյալ հայտարարելու պահանջին:

No comments: