Tuesday, July 12, 2011

Հը՞, չես կարողանո՞ւմ լուծել Ղարաբաղի հարցը

«Լրագիր» 12-7-2011- Ինչո՞ւ գերտերությունները որոշեցին հեւիհեւ կարգավորել Ղարաբաղի հարցը: Կա՞ն արդյոք դրա համար քաղաքական պատճառներ, թե բանը առաջնորդների անձնական հավակնություններն են, որոնք ընկել են ղարաբաղյան փոսն ու չեն կարողանում ոչ մի կերպ դուրս գալ այնտեղից:
Երեկ տեղի է ունեցել Դմիտրի Մեդվեդեւի եւ Բարակ Օբամայի հեռախոսազրույցը, եւ խոսել են նրանք ոչ այլ ինչի մասին, քան Ղարաբաղի խնդրի: Մինչ այդ Մեծ Ութնյակի գագաթնաժողովը ավարտվեց ղարաբաղյան հայտարարությամբ, եւ խնդիրը քննարկման արժանացավ ամենաբարձր մակարդակում` ավելի վերեւ էլ տեղ չկա:
Քաղաքագետ Իգոր Մուրադյանը համարում է, որ ղարաբաղյան խնդիրը չունի լուծում: Ըստ ամենայնի, դա իսկապես գորդյան հանգույց է, որում խճճված են միջազգային հարաբերությունները: Ղարաբաղյան հանգույցում են Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունները, ԱՄՆ եւ Եվրոպայի հարաբերությունները, քրիստոնեական եւ մահմեդական աշխարհների հարաբերությունները, սուննիզմն ու շիիզմը, Թուրքիան ու Եվրոպան, Իրանն ու Արեւմուտքը: Եվ քանի որ գորդյան հանգույցը կարելի է միայն կտրել, մնում է միայն գտնել համապատասխան մարդ, ով բավարար հեռուն չի նայում եւ չի հասկանում, որ կտրելով հանգույցը` ընկնում է անձամբ:
Այդ համատեքստում, միջազգային որոշումներ կայացնող անձանց անհատական որակները ձեռք են բերում պատմական կարեւորություն: Ինչքան էլ որ խոսվում է օբյեկտիվ նախադրյալների մասին, պատմական իրադարձությունները տեղի են ունենում կոնկրետ անձանց ազդակներով, որ պայմանավորված են նրանց հոգեվիճակով:
Այժմ նկատվում է ինֆորմացիոն-հոգեբանական ճնշում Մեդվեդեւի վրա: Որտեղից է այն գալիս, անհասկանալի է, բայց նրան ակնհայտորեն “քսի” են տալիս դեպի Ղարաբաղյան հակամարտության “լուծումը”, ճնշում գործադրելով, ինչպես երեխայի վրա, եւ հեգնելով, թե “հը՞, չես կարողանո՞ւմ լուծել ղարաբաղյան խնդիրը”:
Բայց, ամենատարօրինակը, որ ռուսական ԶԼՄ-ներում սկսված արշավը, ուղղված իբր Մեդվեդեւին “համարձակություն” տալուն եւ նրա նահանջի ճանապարհը փակելուն, շարունակում են հայկական ԶԼՄ-ները:
Հասկանալի է, որ ռուսական որոշ շրջանակների ձեռնտու է Մեդվեդեւին կտրուկ քայլերի մղելը, բայց մե՞նք ինչու չենք համբերում: Ինչո՞ւ խթանել “կարգավորումը”, որը մեզ հենց սկզբից ձեռնտու չէր եւ ինչո՞ւ ինչ որ մեկին մղել կտրուկ քայլերի:
Տխուր է խոստովանել, որ տարածաշրջանում իրադարձությունները կարող են կախված լինել մեկ մարդու հոգեբանական վիճակից եւ աշխարհաքաղաքական կատեգորիաներով մտածելու նրա ունակությունից, չտրվելով “մեծ իրադարձությունների” գայթակղությանը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: