Thursday, August 11, 2011

Մեդվեդև–Ալիև հանդիպումը հիշեցում էր Վաշինգտոնին ռուս–ադրբեջանական սերտ հարաբերությունների մասին. STRATFOR

Tert.am.11-8-2011- Օգոստոսի 9-ին Սոչիում Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումը Վաշինգտոնին հիշեցում էր Մոսկվայի և Ադրբեջանի միջև առկա սերտ հարաբերությունների մասին։ Ինչպես տեղեկացնում է Regnum–ը, նման կարծիք են հայտնել ամերիկյան STRATFOR վերլուծական կենտրոնի փորձագետները։
«Ռուսաստանն ու Ադրբեջանն օգտագործում են այդ հանդիպումը ռուս–ամերիկյան վատթարացող հարաբերությունների և Միացյալ Նահանգների՝ ադրբեջանական էներգակիրների նկատմամբ աճող հետաքրքրության ֆոնին ԱՄՆ–ին հիշեցնելու ռուս–ադրբեջանական սերտ հարաբերությունների մասին»,– նշում են STRATFOR–ի փորձագետները։
Վկայակոչելով Ռուսաստանում սեփական անանուն աղբյուրները՝ STRATFOR–ը պնդում է, որ, ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև առկա հարաբերությունները արագորեն վատթարանում են։
«Չնայած որոշ բնագավառներում Վաշինգտոնն ու Մոսկվան համագործակցում են, Ռուսաստանը դժգոհ է ԱՄՆ–ից մի շարք հարցերի առնչությամբ։ Մասնավորապես նրան անհանգստացնում է Վաշինգտոնի՝ Կենտրոնական Եվրոպայում ՀՀՊ տարրեր տեղակայելու ծրագրերը»,– նշում է STRATFOR–ը՝ ընդգծելով, որ Կովկասը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հակասությունների գոտիներից մեկն է։
«Ռուսաստանը ցանկանում է օգտագործել Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ Կովկասում ունեցած իր ազդեցության մասին ԱՄՆ–ին հիշեցնելու համար։ Իր հերթին Ադրբեջանի փորձերը՝ ճնշում գործադրել Վաշինգտոնի վրա և օգնել Մոսկվային, նրա սովորական ռազմավարության մի մասն է, քանի որ Ադրբեջանը մշտապես փորձում է խաղալ օտարերկրյա երկրների հակասությունների վրա՝ հօգուտ սեփական շահերի։ Ընդ որում, նրան առաջին հերթին հետաքրքրում է նավթագազային սեկտորը։ Ադրբեջանը դժվար թե երբևէ ամբողջությամբ կանգնի Ռուսաստանի կողքին, քանի որ Բաքուն, չի ցանկանում, որ ապագայում իր էներգառեսուրսները կախված լինեն կոնկրետ մեկ դերակատարից»,– գրում է STRATFOR–ը` նշելով, որ Միացյալ Նահանգները մեծապես հետաքրքրված է Ադրբեջանի էներգետիկ սեկտորո։

No comments: